Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունեցողներին երբեք խորհուրդ չէի տալ դրամատիկական դերասան դաոնալ։ Ադամյանի ձայնը թանձր, կակուղ, թավշային բարիտոն էր, վերին աստիճանի ճկուն, դյուրաթեք, հյութալի"

Կես Ժամի չափ թատրոնի և տեղական հասարակության մասին խոսելուց հետո Ադամյանը դարձավ դրականությանը։ Այդ Ժամանակ համաշխարհային հերոսը էմիլ Զոլան էր։ Ադամյանը Զոլայի երկրպագուներից էր, բայց ոչ նրա չափազանցությունների կողմնակից։ Անցնելով հայ գրականությանը, նա մի քանի սրամիտ դիտողություններ արավ ասպարեզի ժամանակակից տերեր Րաֆֆիի և Ռափայել Պատկանյանի վերաբերմամբ։ Նա չէր հավանում ազգային տենդենցը բանաստեղծության և վիպասանության մեջ։ Տեղն է ասել, որ Րաֆֆին ու Պատկանյանն էլ չէին սիրում Ադամյանին։ Րաֆֆին երբեք չէր այցելում նրա ներկայացումները։ Սակայն հանգուցյալ վիպասանն առհասարակ մի առանձին սեր չուներ դեպի թատրոնը և երաժշտությունը։

- Ես գրական փորձ մը ըրեր եմ, - ասաց Ադամյանը, կամենա՞ք մտիկ ընել։

- Ուրախությամբ։

Ադամյանը բաց արավ իր գրասեղանի դարակը և այնտնղից դուրս բերեց մի նիհար տետր։

Նա սկսեց կարդալ իրեն հատուկ վարպետ առոգանությամբ, յուրաքանչյուր բառն արտասանելով ինչպես բեմից։

Դա մի կիսաիրական և կիսամելոդրամատիկ պատմվածք էր։ Ինչ-որ թուլաբնույթ մարդ, ենթարկվելով մի վաշխառուի դրդումներին, կեղծել էր ինչ-որ թղթեր, բռնվել, դատվել և աքսորվել Սիբիր։ Հետո նա փախել էր աքսորից և վերադարձհլ հայրենիք, որպեսզի իրեն կործանողից վրեժ առնի։

Պատմվածքն ինձ վրա տպավորություն չգործեց։ Ադամյանն այդ զգաց իմ լռությունից։ Ավարտելով ընթերցումը, նա նայեց երեսիս թթված դեմքով և ձեռագիրը շպրտեց սեղանի վրա։

Սակայն այդ մեզ չխանգարեց այդ օրից իսկ սկսած բարեկամանալու։

Հաջորդ, թե երրորդ սեզոնին նա խաղում էր Թիֆլիսում։