Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ ժամանակ արդեն նրա փառքը հասել էր իր գագաթնակետին։ Ռուս մամուլը Մոսկվայում և այլուր գնահատել՜էր նրա տաղանդի խոշորությունը։ Հայերի այն մասը, որ առաջ չէր ուզում ճանաչել նրա մեծությունը և համարում էր նրան սովորական դերասան, իր նախանձոտ լեզուն մասամբ զըսպել էր։


Այո, մասամբ միայն, վասնզի Ադամյանը մինչև մահ չազատվեց հայկական նախանձի և չկամության խայթոցներից։ Ճշմարիտ է, նա բարեկամներ և պաշտպաններ շատ ուներ, բայց պակաս չէր թիվն և այն զազրելի լրագրական տըզրուկների, որոնց համար ոչ մի բարձրություն կամ սրբություն չկա։


Ադամյանը զզվանքով և արհամարհանքով էր վերաբերվում դեպի իր այդ գաճաճ «հակառակորդները»։ Նա շատ լավ գիտեր, որ հայը ինչ ասպարեզում ևս գործե և որքան ևս գնահատվի օտարներից, այնուամենայնիվ իր հայրենակիցների մի մասի աչքի փուշն է մնալու։ Գիտեր, որ այլասերված ազգի մեջ միշտ եղել են, կան և պիտի լինեն քսու չարամտության հերոսներ, որոնց համար իրանց այս կամ այն հայրենակցի բարձրանալը դժոխային տանջանք է որ այդ անձերի, անշնորհք, անխելք, անզգա, անխիղճ ու սև անձանց միակ հոգեկան հաճույքն է մութ անկյուններից քարեր արձակել այն մարդկանց վրա, որոնց կոշիկների կրունկներին շարժեն իրանք։


Թիֆլիսում մենք հաճախ այցելում էինք միմյանց։ Այդ սեզոնին Ադամյանն ուներ երկու օտարազգի բարեկամներ որոնց հետ հետո ես ևս բարեկամացա։ Մեկն ալեզարդ արձանագործ Խոդորովիչն էր որ այժմ էլ կենդանի է, մյուսը հռչակավոր բաս Լյարովը, որ մի քանի տարի սրանից առաջ մեռավ Ռուսիայի ինչ-որ գավառական հիվանդանոցում։

Երբեմն դրանք ևս գալիս էին ինձ մոտ Ադամյանի հետ։

Մեր խոսակցությունը, հարկավ, միշտ պտտում էր թատրոնի, արվեստների և գեղեցիկ գրականության շուրջը։


Հաճախ Ադամյանի մոտ հանդիպում էի օպերային դերասանների։ Պրյանիշնիկովը, Յակովլևը, Մեդվեդևը, Տարտակովը և այլ հայտնի երգիչներ սիրում և գնահատում էին հայ 486