Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փիլիսոփայություններն այնքան փոփոխվել են, գիտություններն այնքան առաջադիմել և ճաշակներն այնքան նրբացել։

Եթե Շեքսպիրը չէ հնանում, դրա պատճառը նրա երկերի փիլիսոփայությունը չէ, այլ կյանքը, որ եռում է նրանց մեջ։ «Ֆաուստ»֊ի մեջ դատողությունները գերակշռում են կյանքը, ուստի և անմարսելի դարձնում երկը։

Մի քանի թեթև դիտողություններ «Ֆաուստ»֊ի հայերեն ներկայացման մասին։ Ընդհանուր առմամբ ռեժիսյոր Սևումյանի ջանքերը պիտի հաջողված համարել։ Այդ երեկո նա ցույց տվեց, որ շնորհալի ռեժիսյոր է, մի բան, որի մասին ես երբեք չեմ կասկածել։ Նա արել է բոլորը, ինչ որ կարելի էր անել աչքի առաջ ունենալով Արտիստական թատրոնի այժմյան աղքատությունը բեմական աքսեսուարի կողմից և դերասանական բեմի փոքրությունը։ Պատկերները փոխվում էին կարելույն չափ արագ, դերասանները գիտեին իրանց դերերը գրեթե անգիր, երգեցողությունը, պարերը, խմբային տեսարանները լավ էին։ Միայն մի բան. երկրորդ և երրորդ պատկերների, այն է՝ Ֆաուստի սենյակի դեկորասիոնը, ճիշտ չէր։ Ըստ պիեսայի այդ սենյակը պիտի լիներ գոթական ճաշակով, այսինքն՝ բարձր ու սրածայր լուսամուտներ և դուռն՝ գունավոր ապակիներով։ Այնինչ սենյակի փոխարեն քարշ էին արած ինչ֊որ մոխրագույն վարագույրներ, որ չգիտեիր՝ սենյա՞կ էին ներկայացնում, թե՞ ինչ֊որ անորոշ տարածություն։ Բացի այդ, շատ աղքատ էր «Ֆաուստ»֊ի գրադարանը և գիտնականի համար անհրաժեշտ պարագաների թիվը։ Մարթայի սենյակի ետևի պատը բանտ էր ներկայացնում իր երկաթե վանդակապատ լուսամուտով։ Այդ միևնույն պատը զարդարում էր վերջին պատկերի մեջ բանտի խորքը։ Առաջին պատկերի մեջ վերևից խոսում էր աստված իր հրեշտակների հետ, իսկ ներքևից՝ բեմի աջ կողմում վարագույրապահի խցիկի դուռը շարունակ բացվում էր ու փակվում, և առաջին շարքերի հանդիսականները տեսնում էին անց ուդարձ անող բեմական ծառայողներին։ Տեղ֊տեղ բոցերը կամ ժամանակից առաջ, կամ ժամանակից հետո էին վառվում։

Եվ այլ մի քանի այդպիսի դեֆեկտներ, որոնք, սակայն, շատ էլ չէին խանգարում տեսարանների գեղեցկությանը։