Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներր», ուստի և գիտեն ըստ արժանվույն գնահատել դեպի իրանը ուղղված թե՛ հայհոյանքները և թե՛ գովասանքները։ Գովասանքները անկասկած նոքա պիտի ընդունեն չափավոր կերպով, իսկ անպայման հայհոյանքների վերաբերմամբ շատ֊շատ ներողամտաբար ժպտան, կամ անուշադիր թողնեն, իբրև չնչին կրքերի արտագրություն։ Սակայն հարցը այս չէ։ - Այսպես կարող են վարվել այն հեղինակները, որոնք, ինչպես ասացինք, իրանց աշխատությունների առաջին քննադատներն իրանք են։ Բայց կան այնպիսիները, որոնց համար վնասակար ազդեցություն ունե մեր ապականված մատենախոսությունը։ Կան անքանքար միամիտներ, որոնց խելքից հանում են չափազանց գովասանքները, շեղում են իրանց ուղիղ ճանապարհից և զոռով դնում են այն ճանապարհի վերա, որը նոցա համար չէ ստեղծված։ Կան և այնպիսիները, որոնք գուցե զուրկ չեն քանքարից, գուցե հեղինակ լինելու արժանավորություն ունեն, բայց իրանց թույլ բնավորությամբ անմիջապես ենթարկվում՝ են անարդար և անկոչ դատապետների «մեզ հաղորդում են» և «մեզ գրում են»֊ների շռայլ գովասանքներին կամ վայրիվերո հայհոյանքների սպանիչ ազդեցության։ Երկու դեպքում ևս մեր գրականությունն է տուժում, երկու դեպքում ևս նա է խոչընդոտների հանդիպում յուր զարգացման շավղում։ Այդ մեկ: Երկրորդ, նույն լրագրական անտեղի հայհոյանքների և անտեղի գովասանքների շնորհիվ փչանում է, այլանդակվում է և ընթերցող ամբոխի ճաշակը, այն ամբոխի, որ սեփական խելքով դատելու պատրաստություն չունե, որ լրագրության ասածները, այսպես ասած, հալած յուղի տեղ է խմում, ուստի և երբեք չէ կարողանում արժանին անարժանից ջոկել և այնպես դնահատել։ Այդ է պատճառը, այո՛, մեր լրագիրներն են պատճառը, որ այսօր նույն այդ ամբոխը շատ անգամ հետզհետե մեզանում ավելի ու ավելի զորանող տպագրական անբարոյականությունը վեր է դասում իսկական գրականությունից և իսկական պարբերական մամուլից։

Այդ մի ցավալի իրողություն է, մի տխուր երևույթ է, որին վերջ դնելու միջոցները ավելի քան ցանկալի են ներկայումս։ Վերջ դնել ասելով, մենք, իհարկե, չենք ուզում պնդել,