Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեն ոչ քննադատություն կա, ոչ մատենախոսություն, այստեղ տիրում է կատարյալ պարսկական շռայլ գովասանությունը։ Աշխատակից-հեղինակի գրվածքր որքան որ անմիտ է, դատարկ է, հիմար է անգամ, նա փառաբանվում է անպայման բարեկամ լրագրի էջերում, և ոչ միայն փառաբանվում է, այլև անշնորհք հեղինակը տաղանդ է դառնում, հանճար է դառնում։ Թերթեցեք մեր լրագիրների հին և նոր համարները, կարդացեք նոցա մեջ «մեզ հաղորդում են» և «մեզ գրում են»֊ները, և դուք կտեսնեք, որ մեր ասածը լոկ խոսքեր չեն։ Ինչեր չեն «հաղորդում» և ինչեր չեն «գրում» այդ լրագիրներին զանազան քաղաքներից, գյուղերից և անգամ խուլ անկյուններից։ Ամեն կողմից պնդում են թե՝ «Ձեռքից ձեռք են անցնում» ձեր լրագրի այն համարները, ուր տպված են այսինչ կամ այնինչ մուրցանողի վեպերը։ Ամեն օր նորանոր տաղանդների և հանճարների ենք հանդիպում, որ սունկի պես բուսնում են մեր լրագիրների էջերում։


Թե ովքեր են այդ «մեզ հաղորդողները» և «մեզ գրողները» և ովքեր են այդ մուրցանողները - այդ աստված գիտե, բայց հետաքրքրելին այն է, որ մեր լրագիրները այդ գրականական լպրշանքները շատ անգամ տպում են մի առանձին պարծենկոտությամբ։ Եվ տպում են, իհարկե, ոչ այնքան անհայտ մրոտողների անունները երևան հանելու նպատակով, որչափ սեփական կարծեցյալ վարկը կարճամիտ ամբոխի աչքում բարձրացնելու և կոպեկանոց պսակ վաստակելու նպատակով։


Ահա մեր գրականական մատենախոսություն ասած բանը, կամ, ուղիղն ասենք, ահա նորան ինչ դրության են հասցրել մեր մամանակի խմբագրապետների անձնական կրքերը։ Մի կողմից՝ անպայման գովասանքներ, մյուս կողմից՝ անպայման հայհոյանքներ. մեջտեղ մրոտվում է գրականությունը։ Իհարկե, բուն հեղինակները, նոքա, որոնք գիտեն իրանց գրվածքների արժանավորությունները և թերությունները, որոնք ունեն սեփական քննադատող ոգի և հավատացած են իրանց ներքին ուժին, այդպիսի հեղինակների համար մեր լրագիրների գովասանքները կամ մանավանդ հայհոյանքները շատ որոշ նշանակություն ունեն։ Նոքա գիտեն, թե քամին որ կողմից է փչում, երբ գրվում են մեր լրագրական «ռեցենզիա֊