Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որևէ խմբագրական ծանոթության, առանց զգալու, թե ինչ տգեղ գործ է կատարում թատրոնի վերաբերմամր։

Ոչ, ինչ ուզում եք ասեք, մթնոլորտը շատ է անմաքուր, շատ է հեղձուցիչ։ Հները մի կերպ դիմացել են և դիմանում են այդ սպանիչ մթնոլորտին, բայց նորերի, երիտասարդ և սկըսնակ ուժերի համար նա միանգամայն կործանիչ է։ Ոչնչացրեք այդ մթնոլորտը, եթե կարող եք, այնուհետև միայն ունեք իրավունք պահանջելու թատրոնի վերածնություն

4

Այն, ինչ որ երեկ ասացի ինքնուրույն ռեպերտուարին ցույց տրվող ընդունելության մասին մամուլի կողմից լիովին վերաբերելի է և դերասաններին ու նրանց խաղին։

Թող ինձնից չվշտանա հայ լրագրությունը, եթե ասեմ, որ նա, շատ քիչ բացառությամբ, եղել է միշտ և է մանավանդ այժմ ոչ այնքան արդարադատ դեպի հայ դերասաններն ու դերասանուհիները։ Առհասարակ ոչ մի բաժին հայ մամուլի մեջ այնքան անխնամ չէ թողված, որքան գեղարվեստական բաժինն առհասարակ և թատրոնականը մասնավորապես։

Մշտական և գեղարվեստագետ ռեցենզենտներ հայ լրագիրն երբ գրեթե բոլորովին չունեն։ Այս տարի գրում է մեկը, մյուս տարի՝ մյուսը։ Շատ անգամ միևնույն լրագրում գրում են մի քանի հոպի և հաճախ իրար բոլորովին հակառակ։ Եվ ո՞վ ասես չի գրում, չի դատում ու դատավճիռներ արձակում։ Ամենքը, ով գիտի երկու տող կիսագրագետ շարադրել, ով ունի ժամանակ ու ցանկություն, վազում են հայ կամ ռուս խմբագրատներն իրանց «Քննադատականներով»։

Անձնական մանր֊մունր հաշիվներ, հակակրանք, համակըրանք, կուսակցական մոտիվներ, բարեկամություն, չարակամություն, խնամություն, թշնամություն, չարանախանձ, բարեկամին շոյելու փափադ և այլն, և այլն ահա այն գըլխավոր ստիմուլները, որոնցով ղեկավարվում է լրագրական քննադատությունը թատրոնի վերաբերմամբ առհասարակ և հեղինակների ու դերասան ու դերասանուհիների վերաբերմամբ մասնավորապես։