Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ որակության։ Վերջապես, այն դերասանը կամ դերասանուհին, որ միշտ խոշոր, փայլուն կամ, ինչպես ասում են, շնորհակալ դերերի ետևից է վազում, անգիտակցաբար նսեմացնում է իր ձիրքը։ Այդ դեպքում նա մտնում է հեղինակի թևերի տակ և հաճախ նրա հասցեին ուղղված ծափերին տիրանում։

Հատկապես տիկ. Սիրանուշի մասին մի ասելիք ունեմ․ Ժամանակ է, վերջապես, որ նա թողնի երիտասարդ կանանց դերերը։ Նույնիսկ Սառա Բեռնարը և Րեժանը, որ այնքան նուրբ ճաշակ ունեն, այնքան նուրբ կազմվածք, որ այնքան քնքուշ են, այնքան պահպանել են իրանց ձայնը, որ այնպես սքանչելի գիտեն հադնվել, նույնիսկ այդ իսկական փարիզուհիները անդուրեկան են, երբ խաղում են 18-28 տարեկան կանանց դերեր։

Վերջապես, տիկ. Սիրանուշը չունի իրավունք Սառա Բեռնարին կամ Բեժանին հետևելու, որովհետև նրանք ունեն սեփական թատրոն, ուր ինչ ուզում են կարող են անել, իսկ տիկ․ Սիրանուշը չունի։ Մեր թատրոնը հասարակական է, ուրեմն, նա պարտավոր է հարգել հասարակության պահանջը։ Եվ որքան հաճելի, որքան բնական կլինի տիկ. Սիրանուշի խաղը, եթե այսուհետև նա կատարի միմիայն հասակավոր կանանց և մայրերի գերեր


ՆԱՄԱԿՆԵՐ ՄՈՍԿ ՎԱՅԻՑ

1


- Խնդրում եմ ձեզ, հինգշաբթի երեկո շնորհ բերել պ․ Հովհաննես Գևորգյանի բնակարանը, այնտեղ պիտի խոսենք հայ վանդալիզմի մասին, - դարձավ ինձ թատրոնում մի քանի օր առաջ մի պարոն, որի հետ ծանոթացրեց Ալ. Ծատուրյանշ։

Դա գունատ ու համակրելի դեմքով ու վերին աստիճանի համեստ ձևերով մի երիտասարդ էր, որ մի ուրիշ երիտասադի հետ թև-թևի տված զբոսնում էր թատրոնի ֆոյեում։