Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տուհին», գործեց մի նոր նվաճում և իր տատանվող փառքը նորից ամրացրեց առողջ հիմունքների վրա։ Ալեքսանդր Բենուան անզուգական դեկորատոր և անկըշտամբելի գեղարվեստագետ է։ Մի անգնահատելի ուժ Գեղարվեստական թատրոնի համար։ Նրա Ֆլորենցիան այնքան սիրուն էր, նրա արեգակն այնքան պայծառ, նրա բոլոր տեսարաններն այնքան ռեալական, որ ես մի քանի ժամ մտքով տեղափոխվեցի Իտալիա։

 Բայց մի բան. արդյոք Մոսկվայի  Գեղարվեստական թատրոնը, որ առհասարակ շատ մեծ ուշադրություն է դարձնում դեկորասիոնի և բեմական արդուզարդի վրա, չէ՞ շեղվում թատրոնի նպատակից։ Համենայն դեպս բեմի արտաքին գեղեցկությունը շատ է խլում հանդիսականի ուշադրությունը թե' պիեսի բովանդակությունը և թե՛ դերասանների խաղից

այնպես որ մարդ երբեմն կարծում է, թե տեսնում է սքանչելի մի պանորամա և ոչ թատրոն։


4


«Մշակ» ֊ում կարդացի, որ Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնակատար իշխ․Ա․Մ.Արղոլթյան-Երկայնաբազուկը թույտվություն է ստացել Թիֆլիսում կատարել ավանդական « Վեյնոբան»։

Հիշո՞ւմ եք մինչև տխրահռչակ իշխ. Գոլիցինը Թիֆլիսում կատարվող բարեկենդանյան այդ խեղկատակությունը։ Եթե հիշում եք, կարող եք գաղափար կազմել, թե ինչ ասել է ռուս ֆուտուրիստ։ Նա կատարյալ ղեյնոբայի խեղկատակ է։ Հագնում է նա կարմիր, դեղին կամ կանաչ բաճկոն ու վարտիք կտավից։ Երեսը ներկում է զանազան գույներով, երբեմն դաճելով նրա վրա որևէ կենդանի կամ սողուն։ Ներս է մտնում հանդիսավոր այս կամ այն երեկույթին կամ դասախոսությանը և սկսում է ասել' ինչ որ խելքին փչում է։ Տոլստոյը նրա համար «անշնորհք մրոտող» է, Տուրգենևը' «շառլատան»,Պուշկինն ու Լերմոնտովը' «ապուշներ»։ Ներկա թատրոնը «ախոռատուն» է, գրականությունը' «կոյանոց»։

  Վերջապես, ինչ ասես նա ասում է ու անում, որպեսզի իր