Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտածող և ավելի նուրբ զգացող բանաստեղծն իր հմայիլ վրձնի զորությամբ։

Արդարև, դա դասախոսություն չէր, այլ կախարդական տեսարանների մի երկայն շարք։ Տեսարաններ, ուր գործող անձանց դեմքերը՝ սկսած Նարեկացուց մինչև Սայաթ֊Նովա, նկարվեցին միմյանցից փայլուն, միմյանցից վառվռուն գույներով։ Միայն բանաստեղծը կարող էր անել այն, ինչ որ արավ Վալերի Բրյուսովը՝ ոչ միայն պատմության կործանիչ փոշուց մաքրել բրոնզյա ձուլվածքներր, այլև շունչ ու կյանք տալ նրանց, այլև ստիպել նրանց շարժվել, խոսել, երգեր երգել իրանց սքանչելի երգերը քաղաքակիրթ ամբոխին մատչելի ու ժամանակակից լսելիքին հասկանալի ու հաճելի ոճով ու լեզվով։

Եվ հայ հասարակությունը որքա՜ն պիտի երախտագետ լինի պ. պ. Պողոս Մակինցյանին և Արշակ Չոպանյանին, որոնք նշանավոր ռուս բանաստեղծին հրավիրել են հայկական հնադարյան և միջնադարյան ստեղծագործության մինչ այժմ արհամարհված՝ հոյակապ տաճարը։

Այնտեղ մեծ ազգի մեծ զավակը գտել է իր համար մինչև այդ ժամանակ անծանոթ գանձեր, որոնցով հրապուրվել է և այսօր հրապուրում է մեզ։

Երբ դասախոսության առաջին բաժինն ավարտվելուց հետո անցա բեմի ետև՝ իբրև ունկնդիր և իբրև հայ իմ խորին շնորհակալությունն արտահայտելու ստացածս գեղարվեստական բավականության համար, մեր հարգելի հյուրը հուզմունքից գունատվել էր ու դողում էր։ Նա հուզված էր ոչ այնքան ծայրեիծայր լեցուն դահյիճի այդչափ անկեղծ, այդչափ խանդավառ ընդունելությունից, որքան իր իսկ կախարդական գավազանի զորությամբ վերակենդանություն ստացած սքանչելի պատկերներից։ Մեր հարուստ անցյալի այն բեկորներից, որոնք իրավունք ունեն ապրելու և պիտի ապրեն, եթե ոչ համայն աշխարհի, գոնե մեզ համար, որպես մի-մի պարծանք մեր ազգային քաղաքակրթության, անցյալի քաղաքակրթության։

- Помилуйте, - ասաց բանաստեղծն ինձ դողդողուն ձայնով, - դուք չպիտի լինիք շնորհակալ ինձանից, այլ ես