Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րերել ավելի գեղեցիկ կտորներ, քան այն ոչ այնքան հաջող կտորները, որ քերեց և որոնք, դժբախտաբար, մի տեսակ հիասթափում առաջացրին մեր այժամյա բանաստեղծությանն անծանոթ ունկնդիրների մեջ:Եվ այդպիսի կտորներ, ես համոզված եմ, նա կգտներ մեկից ավելի թե՛ ռուսահայ և թե՛, մանավանդ, թուրքահայ բանաստեղծների մեջ, եթե, հարկավ, ժամանակ ունենար որոնելու:

ՈՂՋՈԻՅՆ ՀԱՄԱԿՐԵԼԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիսում կազմվել է հայ նկարիչների ընկերություն, որի կանոնադրությունն արդեն հաստատվել է կառավարությունից։

Հայ հասարակության և մամուլի բարոյական պարտականությունն է ողջունել այդ կատարյալ համակրանքի արժանի և միանգամայն ժամանակին համապատասխան ձեռնարկությունը։

Վաղուց էր զգացվում ցիրուցան ապրող, իրարուց հեռու, իրար չճանաչող և հաճախ իրար հերքող հայ նկարիչների, անդրիագործների և ճարտարապետների միության պահանջը։

Կան անհատներ, որոնք «գեղարվեստը հայրենիք չունի» գաղափարը չհասկանալով իր բուն իմաստով՝ պնդում են, թե կարիք չկար Թիֆլիսում առանձին հայկական ընկերություն կազմելու, քանի որ վաղուց կա այստեղ և գոյություն ունի նկարիչների միջազգային ընկերություն։

Այդ տղայամիտ դատողության անհեթեթությունն այնքան պարզ է, որ կարիք չկա նրա մասին երկար խոսելու։


Գեղարվեստը հայրենիք չունի, այո, բայց հայրենիքը, այսինքն ազգը պետք է ունենա գեղարվեստ։ Եվ վայ այն ազգին, որ չունի սեփական գեղարվեստ։ Վայ նամանավանդ այն արվեստագետին, որ հայրենիք կամ ազգ չի ճանաչում, որի ստեղծագործությունը չի կրում իր ազգի, երկրի, հայրենիքի, նույնիսկ ծննդավայրի սպեցիֆիկ ոգինլ Այդպիսին դատապարտված է մեռելության, ինչպես արմատ չունեցող մի ծառ։