հոդվածից տողեր և պ. Աղայանցի անունը դուրս բերելը պարզ ապացուցվեց։ Ասացի, թե այլ խնդիր է՝ պ. Արծրունին ինքնակա՞մ է դուրս բերել այդ պարոնի անունը, թե այրիի խնդիրքով։ Պնդեցի, թե բացի «Արձադանք»֊ի ասածից, պ. Արծրունին հանգուցյալի հոդվածից ջնջել է և «Փորձ»-ի ու «Արձագանք»-ի մասին ծանոթությունը, ուրեմն հայտնվում է, որ նա կրկնակի է մեղանչհլ գրականական բարեխղճության դեմ։
Հիշեցի ժողովրդական այն առածը, թե «ծվի և ձիի գողությունը միևնույնն է», գողությունը գողություն է․ պ. Արծրունին մի տող է ջնջել, թե հարյուր տող,— այդ նշանակություն չունի, թե հենց այն մի քանի ջնջված տողերը պարզ ապացուցանում են, որ հոդվածը ուղղված է պ. Աղայանցի դեմ և այլն, և այլն…
Ի վերջո ամենամեղմ կերպով նկատեցի.
— Դուք, պ. Արծրունի, համարձակվել էիք ինձ «անազնիվ» և «ստախոս» անվանել, ես պիտի ձեզանից բացատրություն պահանջեմ, իզուր եք վրդովում ձեր արյունը։
Երևակայեցեք, համարձակվել բառը վիրավորեց պ․ Արծրունուն, այն Արծրունուն, որ ինձ համար վիրավորեցուցիչ չէ համարում «անազնիվ» և «ստախոս» բառերը։ Նա ավելի սկսեց յուր գոռոցը բարձրացնել։ Այդ միջոցին ռուսերեն լսեցի.
— Успокойся, Крикор, чорт с «Ардзаканком» и другими. (Հանգստացիր, Գրիգոր, սատանան տանի «Արձագանք»- ին էլ, ուրիշներին էլ)։
Դրուգոյներից մեկն էլ ես էի։
Ես դարձյալ զսպեցի ինձ։ Բայց պ. Արծրունին դրանով ևս չբավականացավ։ նա գոռաց.
— Я все таки повторяю, что они все лгут и врут. (Ես դարձյալ կրկնում եմ, որ նրանք բոլորն էլ ստում են և կեղծում)։
Այդ րոպեին պ. Արծրունին յուր շարժվածքներով, յուր դես ու դեն թռչկոտելով, յուր վրդովվելով, յուր վայրիվերո խոսքերով այնքան ողորմելի, այնքան ընկճված էր» որ ես, հավատացնում եմ, ի սրտե մեղքացա նրան, և իմ բերանից ակամա թռավ հետևյալ դարձվածը.
— Պ. Արծրունի, ես ձեզ խղճում եմ։