Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատերազմին կամ հայ ազգի վերքին տարիների տառապանքներին, կնշանակե պարապել ինքնախաբեությամբ։ Եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի է, որ հայ վեպ լույս չի տեսնում։Ո՜ւր էր նա պատերազմից առաջ 10 տարվա ընթացքում։


Գուցե մի փոքր ավելի մխիթարական է հայ դրամայի վիճակը։ Մի քանի քիչ թե շատ շնորհքով գրված պիեսներ, իրանց մակերևութականությամբ հանդերձ ինձ հույս են ներշնչում,ար մի օր, վերջապես, մենք ունենալու ենք դրամա, արվէստների այդ թագուհուն։ Սակայն այդ կլինի միայն այն դեպքում,երբ հայ դրաման չի հեռանալ կյանքի սահմաններից, ուզում եմ ասել, երբ խորը կուսումնասիրե մարդու հոգին և արտաքին էֆեկտներով չի տարվիր։


Քնարերգության մասին վարանում եմ մի որոշ բան ասել, որովհետև ես շատ քիչ եմ ծшնոթ մեր երիտասարդ ու պատանի երգիչների գործերին։ Սակայն, ինչ որ կարդացել եմ, թույլ է տալիս ինձ հուսալու, որ մեր ծերացած և ծերացող քնարերգակները կունենան արժանավոր ժառանգներ։


Այս է իմ պատասխանը Ձեր առաջին երկու հարցերին։


Գալով Ձեր երրորդ հարցին, այն է, թե ինչ կարծիք ունեմ ռուսահայ և թուրքահայ գեղարվեստական բարբառների մասին, չի կարելի ասել, թե ապագան որին է պատկանում։Ապագան պատկանելու է երկուսին էլ, բայց երկուսին միացած։ Ոչ մեկը նրանցից չի հաղթել և ոչ մեկը չի պարտվել։Նրանք կմիանան ու կձուլվեն, և մենք կունենանք մի հարուստ և սքանչելի գեղարվեստական լեզու։ Ռուսահայ բարբառը ձուլարանի մեջ կձգե իր ժողովրդական առողջությունը և իր դրամատիզմը, թուրքահայ բարբառը՝ գրաբարից վերցրած ընտիր բառերը և ֆրանսերենից յուրացրած նրբությունները։



Ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներին, նրանք վաղ թե ուշ չքանալու են, իրանց տեղը տալով, օր֊օրի վրա ավելի ու ավելի տարածվող և ավելի ու ավելի մշակվող գրական մաքուր լեզվին։ Եվ այդ մասին չպիտի ցավել, այլ ընդհակառակը։ Այդպես է եղել բոլոր ազգերի տեղական բարբառների վերաբերմամբ, նույնն է լինելու և մեր բարբառների վերաբաբերմամբ։