Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դե առայժմ ցտեսություն. երեկոյան ութ ժամն է, պիտի «Հաշմանդամը» շարունակեմ:Վերջին ժամանակ կարդում էի Շտեռնի «Համաշխարհային գրականության պատմությունը»:Շատ համառոտն էր:Այժմ պիտի վերցնեմ մի ավելի դարձակը:Ֆրանսերեն լեզուն կաղեկաղ գնում է:Խոնելիի մոտ գնացի, ծանոթացա, այժմ բավական մոտիկ ենք իրարու:Բայց նա դեռ իմ այցելությանը չի պատասխանել, եթե եկավ, կգնամ, թե չէ, կնշանակե չենք կարող հաշտվել: Խնդրում է մասնակցել «Новое обозрение»:Ես «Վաղն է» հոդվածի թարգ, տվի, այնուհետև ոչինչ չեմ տվել, ժամանակ չկա, Վանյայի հետ խոսք ենք տվել հայերեն վիպասանությունից միասին թարգմանել ռուսերենի և ուղարկել Ելիսեևին, որ տա տպագրելու: Տեսնենք, նա երևի, լավ կթարգմանե:Ինքը մեկ ինքնուրույն վեպ ունի, ասում էր, որ տվել է Նեմիրովիչ չենկոյին կարդալու, խիստ հավանել է և ասել է, իբր թե, շատ տաղանդավոր գրվածք է: Մի խոսքով, շատ է այժմ տրամադրված գրականությամբ պարապելու:Բարևիր բոլորին: Աննումանի մոտ գնալիս, չի մոռանաս իմ մասին մանրամասն տեղեկություններ տալը:


Քեզ սիրող Աղ. Մովսիյան
12 դեկտեմբերի 1887., Թիֆլիզ


Սիրելի Ներսես

Այս ժամիս ստացա բոթաբեր նամակդ։ Առավոտյան մի թախծալի նախազգացում ինձ ներշնչում էր, թե օրը պիտի վշտալի լինի։ Տխուր մտածմանը մեջ դնում էի տպարան, պատահաբար մտա Կենտ, գրավաճառանոց, և այնտեղ ինձ հասցրին քո վշտալի նամակը։ Ծրարը բաց արի փողոցում, և առաջին իսկ տողը կարդալիս, արտասուքը սկսեց խեղդել ինձ, որովհետև լուր առի, թե կրկին մեռավ իմ մայրը։ Արդարև, նա ինձ համար ոչ միայն սիրող մորաքույր է եղել, այլև մի քնքուշ հոգատար մայր, որ երկար տարիներ ինձ պահել է յուր գրկում, սիրել և փաղաքշել է անսահման մայրական սիրով — հավասար յուր զավակներին։