Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ որովհետև ժամանակակից Ֆրանսիայի ճակատագիրը գտնվում է բուրժուազիայի ձեռքում, որովհետև սա է վարում նրա քաղաքական և հասարակական կյանքի ղեկը, հետևաբար և հանդիսանում է տաղանդ գնահատող և գեղարվեստ խրախուսող, ուստի հասկանալի է, ինչ տեսակ գրվածքներ ախորժելի կլինին նրան։

Այս է Ժորժ Օնեի անասելի հաջողության բուն պատճառը։ Ավելացրեք սրան և այն, որ Օնեն, այս տակավին նոր հեղինակը, արդեն գրավել է յուր կողմը և Ֆրանսիայի քառասուն անմահների կաճառը, գիտությունների ակադեմիային, որը նրա վեպերից մի քանիսը, գուցե նրանց ողջախոհ բովանդակության համար, պսակել է Հուր հեղինակավոր հավանությամբ։ Ահա ինչու Փարիզի բազմաթիվ բուրժուաները օրվա տոկուն և արդյունալից աշխատություններից հետո, իրանց ազատ ժամերը նվիրում են այն վեպերի ընթերցանության կամ այն պիեսների ներկայացման, որ այսպես ասած, շոյում են նրանց բուրժուական զգացմունքները, ուր նրանք իրանց պատկերը գտնում են հաճելի գույներով նկարված։ Գուցե բուրժուազիան երբեմն ինքն էլ զարմանում է, բեմի վրա տեսնելով ինքն իրան՝ անարատ հերոսի դրոշակը ձեռքին։ Եվ որքան հանրապետական Ֆրանսիան գոհ պիտի լինի մի այնպիսի հեղինակից, որ գիտե հանրապետական ռեժիմի պաշտպանի և ջատագովի ձեռքը տալ ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև բարոյական ու մտավոր առավելության վկայագիրը։

Դա մի տեսակ հեղինակական աժանագին հաղթանակ է, Որ հաճախ վիճակվում է չափավոր տաղանդներին, որոնք գիտեն հարստահարել մեծամասնության և ժամանակի թույլ կողմերը։ Այստեղից գուցե մի խրատական օրինակ, որ հեղինակի արժանավորությունը գնահատելիս ճշգրիտ Criterium չպիտի վերցնել մեծամասնության համակրությունր։