Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որքան օգտավետ կարող է լինել մի այդպիսի հեղինակի գրվածների թարգմանությունը հայերի համար, այս այլ խնդիր է։ Բայց քանի որ այդ գրվածքները արդեն Ֆրանսիայի սահմաններից հեռու էլ են տարածվում, քանի որ եվրոպական այլևայլ լեզուներով թարգմանվում են Օնեի վեպերը և ներկայացվում են նորա պիեսները և մինչև անգամ ռուսաց լեզվով, բնական է, որ հայ գրականության մեջ ևս մուտք գործեր Օնեի անունը։ Պոլսեցիք վաղուց արդեն'սկսել են թարգմանել նրա վեպերը։ Le maitre de forges իբրև վեպ Պոլսում լույս է տեսել դեռ 1886 թվականին պ. Պոզաջյանի զեղեցիկ թարգմանությամբ' «Դարբնոցապետ» վերնագրով։

Այժմ պ. Սենեքերիմ Արծրունին մեզ տալիս է նույն վեպից կազմված պիեսի թարգմանությունը «Դարբնապետ» սխալ վերնագրով։

Օնեի այս գրվածքի հիմնական գաղափարն է' ցույց տալ, թե բուն ազնվությունը առավել բնական շնորհքի և անհատական պարկեշտության մեջ է կայանում, քան թե ազնվական արյունի և տիտղոսների մեջ։ Եվ ահա Օնեն յուր գաղափարի հերոս դարձյալ ընտրում է մի բուրժուա, հարուստ հանքերի, ձուլարանների և դարբնոցների տեր Դերբլերն։ Ւսկ սորա պարկեշտության և համեստության հակապատկեր ներկայացնում է մի նշանավոր ազնվական տոհմի սերունդ' դուքս դը Բլինիին։ Վերջինը, ծառայելով ֆրանսիական դեսպանատանը քարտուղարի պաշտոնով, Պետերբուրգի Շռայլ արիստոկրատական շրջաններում սպանել է յուր սրտի լավ զգացմունքները, քայքայել է յուր առողջությունը և, վերադառնալով յուր հայրենիք, հենց պիեսի սկզբում երևան է գալիս իբրև զազրելի դավաճան յուր նախկին պատանեկական սիրուն, Կլարային, այս ազնըվական տոհմի աղջկան։ Համեստ ծագումի զավակ հարուստ Ֆիլիպպ Դերբլեն հաղթում է ազնվատոհմ դուքսին նրանով, որ ամուսնանում է դուքսի թողած աղքատ հարսնացուի հետ։ Հետո նա ազատություն է տալիս յուր ամուսնուն յուր կամքի համաձայն ապրելու, երբ իմանում է, որ նա սիրում է դարձյալ յուր նախկին ազնվական փեսացվին։