Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քան հարձակվիլը, ես պետք է ինքս արդարացնեի ինձ հասարակության առջև, և ահա գրում եմ իմ պաշտպանողական նամակները։ Ի նկատի առնելով, որ մեջտեղ դեր է խաղում մի հանգուցյալ գործիչի հիշատակ, որին հարգում եմ, ես վճռում եմ բանակռիվը վարել այնպես, որ այդ հիշատակը ոչ մի կերպ չվիրավորվի։ Ես ինձ վրա եմ վերցնում Արծրունու հետ ունեցած իմ բանակռվի բոլոր մեղքերը։ Ես կարծում եմ, որ ընթերցողները (խելացի ընթերցողները) կարդալով իմ վերին աստիճանի կրքոտ և շատ վիրավորական հողվածները «Արձագանքում» Արծրունու մասին, անշուշտ կմտածեն, որ ես մի շարժառիթ ունեցել եմ։ Խոմ ես հրեշ կամ պսիխոպատ չէի, որ առանց այլևայլի ցեխոտեի Արծրունուն, երևի մի պատճառ կար։ Եվ այդ պատճառը այն զուսպ հիշոցներն էին, որ մի ժամանակ տալիս էր ինձ Արծրունին («ստախոս», «անամոթ», «խաբեբա» և այլն)։ Հայտնի բան է. շատերը չգիտեին Արծրունու իմ դեմ ունեցած կատաղության պատճառը։ Ահա նա: — Երբ Րաֆֆին մեռավ, ես գնացի Արծրունուն առաջարկելու, որ նա թաղման հանդեսին մասնակցի, թշնամիների բերանը կապելու համար։ Մեռածի դիակը դեռ չսառած, Արծրունին (յուր ամուսնու գրգռմամբ) սկսում է իմ ներկայությամբ էլ ինչ ցեխ ասես թափել Րաֆֆիի անվան վրա։ Ես չեմ կարողանում ինձ զսպել, հանդիմանում եմ Արծրունուն, ահա այստեղից սկսվում է մեր գժտությունը։ Արծրունին ինձ է հայհոյում, ես էլ, հայտնի բան է, մի Մարկոսյան կամ Մալումյան չէի, որ նրա թուքը մայիսյան ցող համարեի, վրդովվում եմ և հարձակվում նրա վրա։ Ուրեմն մեղքը երկու կողմից էր, թե իմ և թե նրա։ Տարբերությունն այն էր, որ Արծրունին իր գրածները տպում էր, իսկ իմ գրածները մնում էին անտիպ, ուրեմն տուժողը դարձյալ ես եմ լինում։

Բայց սկսվում է Հովհաննիսյանի հետ բանակռիվը, նորոգվում է հին պատմությունը, ես ստիպված եմ լինում ինձարդարացնել Արծրունու հիշատակի դեմ։ Այս դեպքում ես, կամենալով լինել ջենտլմեն, չեմ հիշում Արծրունու հիշոցները, ամբողջ մեղքը ինձ վրա եմ վերցնում։ Այդ Քալանթար ասված պարոնը չէ հասկանում կամ չէ ուզում հասկանալ իմ քաղաքավարի վարմունքը։ Երբ իմ բանակռվի պաշտպանող