համար բավական է գտնել նոցա մի որոշ մասի մեջ ամբողջին հատուկը։
Պ. Պռոշյանը մինչև այժմ յուր րնդարձակ վեպերի մեջ նկարագրել է միայն հայոց գյուղական հասարակությունը, հոգևորականությունը, գյուղական հարստահարիչ պաշտոնյաներին և մասամբ վաշխառու-վաճառականներին։ Սորա համար արդեն Արարատյան աշխարհը շատ հարուստ նյութ է մատակարարում նորա գրչին, և նա կարիք չունի ուրիշ կողմեր վազելու։
Այլ բան է, եթե նա մտադրություն ունենար նկարագրել մեր հասարակության մյուս դասակարգերը, դիցուք, այսպես կոչված, ինտելիգենտ դասը, որի ընդհանուր տիպարը, ի դեպս ասած, նոր միայն սկսել է մշակել մեր կյանքում։ Այն ժամանակ նա գուցե ստիպված լիներ մի փոքր հեռանալու Արարատի ստորոտից։ Բայց քանի որ չէ կամենում կամ գուցե ընդունակ չէ յուր սիրած շրջանից դուրս այլ շրջան ուսումնասիրելու, մենք իրավունք էլ չունինք նորանից անկարելին պահանջելու։
Ուրեմն նայենք «Ցեցեր»֊ի վրա, իբրև մի վեպի, որի նյութը և գաղափարը ավելի սիրելի են եղել հեղինակի սրտին և մատչելի նորա վիպագրական ընդունակությանը։
Մենք կկամենայինք, նախքան մեր կարծիքն այդ վեպի մասին ասելը, երդվյալ քննադատների ընդունած սովորությանը հետևել— առաջ բերել նորա բովանդակությունը։ Բայց հակառակ մեր ցանկության, այդ չենք կարող անել, և ահա ինչու։—«Ցեցեր»֊ը ինքնըստինքյան չունի մի անքակտելի կապ, մի որոշ բովանդակություն։ Դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ գյուղական կյանքի զանազան տեսարանների և մարդկանց մի ժողովածու, որոնք միասին հավաքած, չեն ներկայացնում մի ընդհանուր միություն։ Ըստ երևույթին, հեղինակը ունեցել է մի մեծ սախագիծ, որի համեմատ նա պիտի մշակեր մի հարուստ կյանքի բազմատեսակ տիպերի, տեսարանների և երևույթների նկարագրությունը։
Բայց դժբախտաբար նախագիծը միայն նախագիծ է մնացել, և մենք «Ցեցեր»-ը տեսնում ենք, եթե կարելի է այսպես