Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԴԱՄՅԱՆ-ՀԱՄԼԵՏ

Իսկական դերասանի արժանավորությունն է կատարելապես պատկերացնել յուր խաղով այն տիպը, որը նա թատրոնական բեմից ներկայացնում է հասարակության։ Բայց տաղանդավոր դերասանը ավելի հեռուն է գնում։ Նա ո՛չ միայն պատկերացնում է, այլ այնքան կենդանացնում է այս կամ այն տիպը, որ նույնիսկ հանդիսատեսին ստիպում է զգալ և մտածել այն, ինչ որ զգում է և մտածում նորա ներկայացրած տիպը։ Եթե հանդիսատեսը նայելով դերասանին բեմի վերա, հետևելով նորա շարժվածքին, խոսակցության, արտասանության, մտածում է՝ «այդպես է, լավ է, ճիշտ է» և այլն, այդ ցույց է տալիս դերասանի արվեստական ձիրքը: Բայց որքան զորեղ է այն դերասանի տաղանդը, որի խաղով նույն հանդիսատեսը հափշտակվելով, ո՛չ միայն չէ կարողանում այդ լուռ բացականչությունները անել, այլև բոլորովին ինքնամոռացության տված, ակամա հոգով ու մտքով, քայլ առ քայլ ընթանում է դերասանի հետևից։ Որպիսի՜ ազդու գեղարվեստական ուժ է պարունակում յուր մեջ այն դերասանը, որ կարողանում է ուրիշներին ևս ստիպել ժամանակավորապես վառվել մտքով ու հոգով նորանով, ինչով վառված է ինքը։