Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ճիշտ այդպիսի տպավորություն արավ մեզ վերա Ադամյանր Համլետի դերում, ապրիլի 30-ին, Արծրունու թատրոնում։ Ադամյանի Ռուսաստանից վերադառնալուց հետո, երկրորդ անգամ է միայն, որ մենք նորան տեսնում ենք Համլետի դերում, և այդ երկու անգամն էլ տաղանդավոր դերասանի խաղը մեզ վերա թողավ միատեսակ խորը տպավորություն։ Առանց երկար դատողության մեջ մտնելու, մենք համառոտապես հաղորդում ենք ընթերցողին մեր անձնական տպավորությունը։
Ադամյանի Համլետը խելոք, սրամիտ, սրախոս, չափազանց զգայուն է։ Նա պարունակում է յուր մեջ մի զարմանալի հոգեկան զորություն։ Հանդիսատեսը ամենայն վայրկյան սպասում է, որ այդ զորությունը ահա՛ պիտի արտահայտվի գործով։ Բայց երկչոտությունը, կասկածը, հավատի բացակայությունը, որոնցով օժտել է անմահ հեղինակը յուր հերոսին, ամենայն անգամ խաբում է հանդիսատեսի հույսը։ Ադամյանը այդ բոլորը ներկայացնում է զարմանալի նրբությամբ և ճշտությամբ։ Ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի ավելորդ քայլ կամ դեմքի փոփոխություն չէինք նշմարում նորա խաղի մեջ: Նույնիսկ այն ամենադժվար և ամենատրագիկական տեղերում, ինչպես Համլետին յուր հոր ուրվականը տեսնելը, պ. Ադամյանը չէ մոռանում Համլետին հատուկ կասկածոտությունը, երկչոտությունը։ Համլետը սիրտ է անում յուր հոր երկյուղալի ուրվականի հետևից վազել այն րոպեական ինքնավստահությամբ, որը հատուկ է վճռականության զգացմունքից զուրկ Համլետին։ Մենք տեսել ենք ռուս դերասաններ, ինչպես Լենսկի, Կոզելսկի, որոնք ուրվականի հետևից վազում են մի տեսակ հաստատուն վճռականությամբ և խորը հավատով։ Այդ բոլորովին հատուկ չէ Համ լետի բնավորության, որովհետև նա երկչոտ և կասկածավոր է։ Իսկ երկչոտ և կասկածավոր մարդը, եթե մի նշանավոր քայլ կատարում է, այդ այն ժամանակ միայն, երբ նա հոգեկան վերին աստիճանի խռովության մեջ է և ուղեղն ու սիրտը րոպեապես մղվում են դեպի այն կետը, ուր նա ընթանում է։ Այդ բանը մենք շեշտում ենք, որովհետև շատերը կարծում են, որ Ադամյանը իբրև թե պիտի փոքր-ինչ խաղաղ կերպով գնա ուրվականի հետևից: