Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի քանի երիտասարդ գրագետներ, որոնց թվում առաջին տեղն է գրավում «Վարժապետին աղջիկը» վեսլի հեղինակ պ. Տիգրան կամսարականը, այդ թերթի էջերում բացարձակ բողոքում են այն սխալ և վերացական ուղղության դեմ, որ մինչև այժմ տիրապետում է տաճկահայերի գրականության մեջ։

Երկար ժամանակ անտարբեր մնալուց հետո, ուրեմն պոլսեցիները, վերջապես, փոքր առ փոքր սկսում են հասկանալ, որ իրանց գրականական ընթացքը կեղծ և անժամանակակից է եղել։ Դա շատ ուրախալի ինքնաճանաչության մի նշան է։

Սակայն կա մի հանգամանք, որ չպիտի անուշադիր թողնեն պոլսեցի գրագետները։ Շատ բնական է, որ մարդիկ մի ծայրահեղությունից զզված լինելով, հաճախ ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ։ Ցանկալի կլիներ, որ նույնը չպատահեր պոլսեցիներին։

Այս նկատողությունը մենք անում ենք այն հիման վրա, որ, ինչպես երևում է մեր ձեռքը հասած մի քանի հոդվածներից պոլսեցիները վիպագրության վերաբերմամբ «ռեալականություն» կամ, ինչպես իրանք են ասում, իրապաշտություն ասած բանի մասին առայժմ շատ անորոշ գաղափար ունին։ Իրականություն ասելով վիպագրությունը չպիտի պարապի կյանքի մեջ ամեն մի երևույթ յուր չոր ու ցամաք փաստերով պատկերացնելով։ Զոլան ժամանակակից տաղանդավոր վիպասան է, բայց անխտիր ոգևորվել նորա բոլոր գրվածքներով և քարոզել, որ հայ գրողները անպայման հետևեն նորա ուղղության (ինչպես անում են ոմանք), այդ ևս անժամանակ է մեզ համար։ Այս մասին մենք առիթ կունենանք մանրամասն խոսելու, այժմ նկատում ենք միայն, որ պոլսեցի հայ գրագետները պիտի զգուշությամբ վերաբերվին իրանց նոր ընտրած ուղղությանը և ծայրահեղություն չքարոզեն։

Մյուս կողմից՝ ժողովրդի կյանքի ուսումնասիրության առթիվ ցանկալի կլիներ, որ «Արևելք» լրագիրը վիպագրությանը այնպիսի տարօրինակ պահանջներ չաներ, ինչպես, օրինակ, անում է նա յուր վերջին համարներում մի ոմն «Արշակի» բերանով։ Այդ Արշակը, որի լեզվից երևում է, որ ռուսահայ է, «Ժողովրդյան ուսումնասիրություն» վերնագրով մի հոդված է տպել «Արևելք»-ի մեջ, ուր նա զարմանալի անհեթեթ գաղափար է հայտնում գրականության և մասնավորապես վիպագրության վերաբերմամբ։