Հոդվածագիրը գանգատվելով, որ ընդհանրապես հայ գրականության մեջ (թե′ մեր և թե′ տաճկահայերի) կենսունակություն չկա, սորա պատճառ ահա ինչ է համարում.
Որովհետև նա, որ դիցուք շուշեցի է, գրել է Երևանի մասին, երևանցին՝ Տփխիսի մասին, տփխիսցին՝ հին կամ նոր Նախիջևանի, պոլսեցին՝ հանկարծ չգիտեմ որ մի բոլորովին անծանոթ տարրի մասին, և սրանց անունը կնքած է այսինչ կամ այնինչ կյանքից առած վեպ, որպիսի կյանքի մասին միջին հասկացողություն թեև չունին։
Եթե այդպես չլիներ, ասում է հոդվածագիր պարոնը, մեր վիպագրությունը անհամեմատ բարձր կլիներ։ Ուստի նա առաջարկում է յուրաքանչյուր գրագետի գրել միայն այն գյուղի կամ քաղաքի մասին, ուր ինքը ծնվել է և ուր երկար ժամանակ ապրել է։ Այս մտքով նա օրինակ է բերում կովկասցի մի հեղինակի գրվածքները, որոնց հեղինակը յուր ծննդավայրից չէ դուրս եկել և որոնք մեզանում վեպեր անունն են կրում, շնորհիվ գրականական ճաշակ ասած բանի բացակայության։
Եթե մեզանից յուրաքանչյուրը (ասում է «Արևելք»-ի ռուսահայ զեվզեկը) այս որոշ ուղղությամբ սկսեր յուր հանրօգուտ աշխատությունը, դրանց աշխատությանը ժողովածուից կկազմվեր մի ամբողջություն, մի պարզ պատկեր մեր կյանքի բոլոր խորշերից առած, որի վրա նայելով, առանց մեծ դրժվարությանց և զոհաբերությունների մենք կճանաչեինք միմյանց. կճանաչեին մեզ և օտարները։
Բանից դուրս է գալիս, ուրեմն, որ ոչ ոք իրավունք չպիտի ունենա, բացի յուր ծննդյան գյուղից կամ քաղաքից, ուրիշ քաղաքի կամ երկրի կյանքից բան գրել, եթե ոչ՝ միշտ կսխալվի։ Հոդվածագրի այս տարօրինակ գաղափարից ամենայն իրավամբ պետք է եզրակացնել, որ սխալվել է Տուրգենևը, որ ծնված լինելով փոքրիկ Օրյոլ քաղաքում, համարձակվել է գրել Մոսկվայի, Պետերբուրգի և համայն Ռուսիայի կյանքից, սխալվել է Դոստոևսկին, որ միմիայն Մոսկվայի կյանքից չէ գրել, ուր նա ծնվել է, այլ հանդգնել է մինչև անգամ Սիբիրի աքսորականների կյանքը պատկերացնել յուր հրաշալի