Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առավել օգտավետությունը դրականության համար։ Եվ երբեք ավելորդ չէ համարվում նոցա գոյությունը նույնիսկ այն հասարակությունների մեջ, որոնց գրականությունը զարդարման բարձր աստիճանի վրա է գտնվում։ Գալով հայերիս, գրական ժողովածուների երևան գալը պիտի անհրաժեշտություն համարել այն պատճառով, որ ճաշակով հրատարակվող զուտ գրականական պարբերական հրատարակություններ, դժբախտաբար, չունինք։

Ահա ինչու մենք կրկնակի ուրախությամբ ողջունում ենք Մոսկվայի «Հանդես»-ի երկրորդ գրքի լույս տեսնելը։ Մեր առջև դրված է մի մաքուր հրատարակված գիրք 400 մեծագիր էջերից բաղկացած։ Բավական է կարդալ այդ գրքի սկզբում տպված ճոխ բովանդակությունը, կարդալ այն մի քանի հռչակավոր անունները, որ դրված են շատ հատվածների տակ, և ընթերցողը խորին հետաքրքրությամբ սկսում է թերթել գիրքը։ Բայց չհափշտակվենք անուններով, նշանավոր հեղինակների բարձրագոչ անուններից ավելի կարևոր համարենք այդ հեղինակների արդյունքը։ Ուրեմն ձգենք մի քննական հայացք «Հանդես»-ի երկրորդ գրքի ներքին արժանավորության վրա։


«Հանդես»-ի հրատարակիչը յուր մի ծանոթության մեջ ասում է, որ տպագրական և ուրիշ մի քանի հանգամանքների շնորհիվ չի կարողացել պահպանել նյութեոի պարտուպատշաճ «դասավորությունն», ուստի և ներողություն է խնդրում ընթերցողներից։ Այս պատճառով, Սյուլուկ-Ախտամերկյանի մի քանի հետաքրքրելի պատկերները գրքի վերջում բռնում են, կարծես, մի տեսակ հավելվածի տեղ, և սորա փոխարեն առաջ են ընկել պակաս հայտնի և անհայտ հեղինակների գրվածներ։ Ինքնըստինքյան այս չնչին անկարգությունը, հարկավ, մի մեծ սխալ չէ, մանավանդ որ նա վերաբերում է հրատարակության արտաքինին և ոչ ներքին արժանավորության։ Բայց և այնպես մեր ասելիքը սկսենք գրքի սկզբից։

«Հանդես»-ի ճակատին տպված է Պերճ Պռոշյանի մի պատկերը այս վերնագրով. «Մի կտոր՝ հանած իմ տպելու պատրաստ աշխատասիրությունից»։ Չգիտենք երբ լույս կտեսնի և ինչ արժանավորություն կունենա Արարատյան աշխարհի