Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իշխանը Հալաբյանին մի անկյուն քաշած, պախարակում էր ամուրի մարդու կյանքը։ Նա ինքն ուրախ կլիներ յուր հոգնած ոսկորներին հանգստություն տալ ընտանեկան հարկի տակ, բայց արդեն ուշ է և նյութական դրությունն էլ չի ներում։ Ով կարողություն ունե, հիմար է, որ փախչում է այդ խաղաղ կյանքից։ Հալաբյանը ձևած կտրած է ընտանիքի գլուխ լինելու համար։ Նա պետք է ամուսնանա, նա ուզում է ամուսնանալ, իշխանին վաղուց է հայտնի նրա մտադրությունը։ Խոմ կատակով չառաջարկեց այն կենացը, խոմ իշխանը գիտե, թե Հալաբյանը ում վրա աչք ունի։ Այո, Նատալիան հրաշալի աղջիկ է, նմանը չկա ամբողջ Թիֆլիսում։

— Իշխա՜ն,— ընդհատեց, վերջապես, նրա խոսքը Հալաբյանը,— եթե հարգում ես քրոջդ աղջկան, թող այդ խոսակցությունը, ամոթ է։

— Ինչպե՞ս, դու կարծում ես, որ արժանի՞ չես նրան,— արտասանեց իշխանը խորամանկությամբ,— վախենում ես, որ կմերժե՞ն։ Օօ, բաս ես ո՞րտեղ եմ։ Ես կաշխատեմ, իսկի մի վախենալ, գլուխս կտամ քո խաթրու ու բանդ կդրստեմ։

Հալաբյանը երեսը մի կողմ դարձրեց և հեռացավ։ Օրը մթնում էր։ Ախշարումյանը մոտեցավ, բռնեց իշխանի թևից և ուժով դուրս տարավ։ Փոքրամարմին Գիգոն, որ թախտի վրա նստած, կիսաթմրած դրության մեջ էր, քայլամոլոր հետևեց նրանց:

Մոսիո Վախվախյանը տեսնելով, որ տանտերը օրոշտում է և առհասարակ տրամադիր չէ խոսելու, ակամա հրաժեշտ տվեց, ասելով.

— Գնամ, տեսնեմ ոնց եմ մթնացնում օրս, ա՜յ քեսիբի օրն էլ...

Հալաբյանը առանձնացավ ննջարանում։ Նրա գլուխը պտտում էր, ոչ այնքան ըմպելիքներից, որքան հյուրերի աղմուկից, անկարգ-անկանոն խոսակցությունից։ Այսպես, ուրեմն, մի անգամ ևս նա կատարեց նրանց հաճույքը։ Այդ կլինի վերջինը։ Երբեք, երբե՛ք նա յուր տունը չի դարձնի անմիտ խնջույքների, անվայել կատակների, կեղտոտ, սրախոսությունների հանդիսարան։

Նա վաղը ևեթ կգտնի յուր ընտրածի բնակարանը, իբրև