ազնիվ մարդ արձակ-համարձակ կառաջարկի յուր ձեռքը։ Նա հարուստ է, Մարիամը աղքատ։ Նա ամեն ինչ կզոհի Մարիամի համար, եղբորը կուղարկի արտասահման, հոր և մոր գերեզմանների վրա փառավոր արձաններ կկանգնեցնի։ Նա կտա նրան լիովի ազատություն յուր տանը, թող ծախսի — ինչքան ուզում է, թող ապրի — ինչպես ուզում է։ Նա կդարձնի Մարիամին կանանց դասի զարդ, ընդհանուր նախանձի առարկա, միջոց կտա նրան Ժամանակակից կրթված տիկնոջ դեր կատարելու հասարակության մեջ, կարոտներին օգնելու, բարեգործական ընկերություններին մասնակցելու, ուսումնարան պահելու։ Այո, մինչև անգամ մի առանձին ուսումնարան կհիմնի Մարիամի անունով։
Հետևյալ առավոտ նա զարթնեց ուրախ տրամադրությամբ։ Նայեց յուր շուրջը, ամեն ինչ պատրաստ էր, ծառաները մաքրել էին սենյակները, կահ-կարասին փայլում էր, թանկագին, փափուկ, խայտաբղետ գորգերը մի դուրեկան ազդեցություն էին անում մարդու վրա։ Սպասավորը հրամանի էր սպասում, խոհարարը արդեն բազար էր գնացել, ամեն ինչ պատրաստ էր մի բախտավոր կյանքի համար։ Հալաբյանը մի առանձին եռանդ էր ստացել։ Վճռված է, այսօր նա կգտնի Ռուբենին, կբարեկամանա, կառաջարկի յուր օգնությունը։
Հանկարծ նա հիշեց, որ խոստացել է պատասխանել Սադափյանի նամակին։ Մարդը սնանկանում է, այսօր կամ էգուց նրա անունը պիտի խայտառակվի, ինչպես գրում է։ Չպիտի՞ օգնել նրան։
Խնդրած գումարը մեծ էր, և Հալաբյանը ընկավ մտատանջության մեջ։ Նա սկսեց քննել Սադափյանին առաջին անգամ իբրև մարդ և մի տարօրինակ ուրախություն զգաց, գտնելով նրա անցյալում շատ արատներ։ Սադափյանը չէ՞ր, որ խեղճ Մարգարովի տան կայքը բազար հանել տվեց և պարտքի տեղ ծախեց։ Նա չէ՞ր, որի պատճառով մաքսատան երեք չինովնիկներ դատի տակ ընկան և պատժվեցին։ Հըմ, նա չէ՞ր, որ պոլկովնիկ Խարազովի տասը հազարը աչքերը բաց կուլ տվեց, և խեղճ ծերունին կաթվածահար լինելով, մեռավ։ Վերջապես, նա չէ՞, որ յուր հարազատ եղբոր