Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ։

— Քեզ համար շատ հեռու է,— թաքցրեց նա իսկական պատճառը։

— Ինձ համար հոգս մի՛ անիլ: Եթե ուրիշ անհարմարություն կա, այն ասա։

— Անհարմարություններ շատ կան,— պատասխանեց Մարիամը, և հանկարծ միտքը փոխելով, ավելացրեց.— բայց ով կտա մեզ ամսական տասը ռուբլով սրանից ավելի հարմար բնակարան...

Հաճախ նա միայնակ նստում էր եղբոր սեղանի մոտ և երկար-երկար ժամանակ մնում էր խորասուզված մտածումների մեջ։ Մի քանի օրվա ընթացքում նա դարձել էր զարմանալի նյարդային։ Անսովոր աշխատությունից հոգնած, նա երբեմն գրգռվում էր ամենաչնչին բաներից։ Ցերեկը նա սրբում էր, մաքրում, մի կերպ կերակուր էր պատրաստում, երեկոները վերցնում մի որևէ գիրք և նստում լուսամուտի առաջ։ Նա չէր կարողանում մի քանի էջերից ավելի կարդալ։ Շուտով նրա աչքերը պղտորվում էին, գլուխը պտտում էր, գիրքը ընկնում էր ծնկների վրա, և նա մնում էր անշարժ, արձանացած։

Մոտ երկու շաբաթ էր անցել, Մելիք-Բարսեղյանը չէր երևում։ Ուրեմն իզուր չէր Մարիամը կասկածում, ուրեմն իզուր չէր, որ բժշկի այն սառն «ընկերական» խորհուրդը այնքան սարսափեցրեց նրան։

«Նա ինձ չի սիրում, ո՛չ, չի սիրում, պնդում էր օրիորդը, հուսահատված գալարելով յուր մատները,— եթե սիրեր, այնպես չէր խոսիլ»։

Ի՞նչ, նա վիրավորական չէ՞ համարում Մարիամի համար վերադառնալ այն տունը, որտեղից համարյա արտաքսել են նրան։ Մի՞թե այդ էր սպասում նա այդ մարդուց։ Նա վախենում է չքավորությունից. նա, որ ինքը չքավոր է եղել և որ այնքան պարծենում է յուր անցյալ չքավորությամբ։ Նա առաջարկում է յուր ընկերոջը մի այնպիսի քայլ անել, որ վայել չէ ամեն մի քիչ թե շատ ինքնասեր մարդու։ «Տեր աստված, տեր աստված, միթե ես խաբվա՞ծ եմ,—