հետաքրքրությունը։ Այլևս նա համոզվեց, որ Մարիամը կեղծում է, որ նրա տխրության բուն պատճառը կապ ունե Մելիք-Բարսեղյանի հետ։
Հազիվ մի շաբաթվա ընթացքում Մարիամը կարողացավ կարգի բերել նոր բնակարանը։ Նա աշխատում էր առավոտից մինչև երեկո անդադար։ Նա համարյա ոչինչ հասկացողություն չուներ տնային տնտեսության մասին ոչ եփել գիտեր, ոչ կարել, ոչ մինչև անգամ լվանալ։ Հարկավոր էր մի խորհրդատու, մի ղեկավար։ Եվ նա ստիպվեց դիմել հարևան կանանց օգնությանը։ Մեկը նրան սովորեցրեց հասարակ սուպ պատրաստելը, մյուսը հանձն առավ սովորեցնել շոր լվանալու եղանակը։ Ֆիզիկական աշխատանքի ծանրության տակ ճնշված այդ գռեհիկ կանայք հոգով խղճում էին նրան, որի կրթված ձևերից, քնքուշ կազմվածքից արդեն գուշակել էին նրա հարուստ ընտանիքի զավակ լինելը։
Ամենից ավելի ցավակցություն էր ցույց տալիս պառավ տանտիրուհին։ Ստեպ-ստեպ նա մտնում էր ներս, անկոչ հյուրի պես և Մարիամին ձանձրացնում յուր մանրակրկիտ հարցուփորձով։ Ո՞վ է, ո՞րտեղից է, ազգականներ ունի՞, քանի տարեկան է, ե՞րբ է ուսումը ավարտել և այլն և այլն։ Այդ կինը, որին Մելանիա Պետրովնա էին անվանում, Մարիամին կասկածելի էր թվում յուր դեղնագույն դեմքի անհամեստ արտահայտությամբ, յուր հինայած մազերով, յուր պատկառելի հասակին անվայել ազատ և համարձակ շարժումներով։
Մի օր Մելանիա Պետրովնան, պատշգամբի վրա տեսնելով Մարիամին սամովարի մեջ ածուխ ածելիս, մոտեցավ։ Նա բռնեց օրիորդի ծնոտից, վերև բարձրացրեց գլուխը և, նայելով նրա գեղեցիկ աչքերին արտասանեց
- Ի՜նչ սիրուն ես, ափսո՜ս…
Մարիամը զզվանքով երեսը շուռ տվեց և առանց մի խոսք ասելու, մտավ սենյակ։ Լուսամուտից նա տեսավ, որ պառավը կանգնած նայում է, մի խորամանկ և հրող ժպիտ երեսին։ Նույն երեկո նա Ռուբենին հայտնեց, թե ցանկալի կլիներ մի ուրիշ բնակարան վարձել։