Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա արդեն ծանոթացել էր Թիֆլիսի մի քանի ընտանիքների հետ, դեպք է ունեցել հանդիպելու յուր արհեստակիցներին։ Նա շատ նուրբ, շատ քաղաքավարի արհամարհանքով մի քանի նկատողությաններ արավ վերջինների մասին։ «Պրակտիկան» նրանց փչացրել է, թեորիան մոռացել են, գիտությանը բոլորովին չեն հետևում, չգիտեն բժշկականությունը ինչ հսկայական քայլեր է անում վերջին ժամանակ։

— Երևակայի՜ր,— շարունակեց Մելիք-Բարսեղյանը, հեգնաբար ժպտալով,— մեկը, անունը չեմ ուզում ասել, բժշկում է մի թոքախտ ունեցող հիվանդի։ Հիվանդը իմ քաղաքացիներիցս է, հեռու ազգական է։ Երեկ նրա մոտ էի, պատահաբար ծանոթացա այդ բժշկի հետ։ Անունս հայտնեցի և մի կողմ քաշելով, հարցրի ազգականիս հիվանդության մասին։ Խոսեցինք, վիճեցինք։ Ի՞նչ հայտնվեց. այդ մարդը տասը տարի է բժշկություն է անում, անուն ունե, երևակայի՜ր, երևակայի՜ր, չգիտե լուծել հռչակավոր Կոխի բաքտերիտ-բացիլները։ Ահա ձեր Թիֆլիսի էսկուլապները, կարելի՞ բան է այդքան տգետ լինել և անուն ստանալ։

Հետո բժիշկը խոսեց յուր բնակարանի մասին։ Խիստ աղմկալի տեղ է վարձել. ստորին հարկում հյուսներ են բան անում, վերին հարկում գիմնազիստներ են ապրում, ամբողջ օրը պարում են ու երգում։ Վերև աղմուկ, ներքև աղմուկ, աջ ու ձախ հարևաններով լի։

— Մի խոսքով, ինձ չեն թողնում որ պարապեմ։ Իսկ դու գիտես, առանց պարապմունքի, ես մեռած եմ։ Այժմ զբաղված եմ մի թեթև գիտական աշխատությամբ։ Գրում եմ մի բրոշյուր հասարակ լեզվով։ Թեման շատ հետաքրքրական է — «Մանուկների էպիդեմիական հիվանդությունների զանազան տեսակները, նրանց դեմ գործածելի ռացիոնալ միջոցները և առհասարակ ընտանիքների գիգիենական-սանիտարական պայմանների անհրաժեշտ կարևորությունը»։

Նա հիշեց մի լրագրի անուն, ուր առաջ պիտի տպվեր այդ գիտական աշխատությունը և հետո առանձին գրքույկներով հրատարակվեր աժան գնով հասարակ ժողովրդի մեջ տարածելու համար։ Ռուբենը ակնարկեց, թե մի քանի օր