Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ այդ լրագրում կարդացել է «բժշկապետ Մելիք-Բարսեղյանի» մասին ռեկլամի պես մի բան։

— Այնքան կռվել եմ խմբագրի հետ, որ երևակայել չես կարող,— պատասխանեց բժիշկը, սակավ ինչ շփոթվելով։— Հիմարություն, ուրիշ ոչինչ, դու գիտես, որ ես ռեկլամներից փախչում եմ…

Դռների ձայնը ընդհատեց նրա խոսքը։ Մյուս սենյակից դուրս եկավ Մարիամը։

— Մեղավոր եմ, զգում եմ,— գոչեց բժիշկը, ոտքի կանգնելով,— ինչ արած, բժշկի արհեստը ծանր է, պատասխանատու է։

— Իսկ ես կարծում էի, որ ինձ էլ ձեր հիվանդներից մինը կհամարեք,— արտասանեց Մարիամը մի առանձին, անսովոր եղանակով։

— Ի՞նչ, դուք հիվա՞նդ եք։ Նո'ւ, Ռուբեն, դու ինձ ինչո՞ւ խաբեցիր, այդ ներելի չէ, միթե չէի՞ր կարող հայտնել։ Թ՛ույլ տվեք, օրիորդ…

Մարիամը թույլ ժպտալով, ձեռը խլեց բժշկից և նստեց սեղանի մոտ։

— Ո՛չ, դուք կատակ եք անում, դուք առողջ եք,— ասաց բժիշկը, ավելի շփոթվելով օրիորդի վարմունքով և համարելով նրա ժպիտը մի տեսակ հեգնություն։

Այնինչ՝ վայրկենաբար Մարիամը փոխվեց։ Նա բժշկի շփոթմունքը այլ կերպ հասկացավ։

«Միթե ես սխալվո՞ւմ եմ», անցավ նրա մտքով։

Եվ սկսեց լարված ուշադրությամբ հետևել բժշկի խոսակցությանը, դիտել բոլոր նրա շարժումները։ Մինշդեո բժիշկը զսպելով շփոթմունքը, կրկին դարձավ ազատ, համարձակ։ Նա պատմեց մի քանի նորություններ, գովեց մեկին, պարսավեց մի ուրիշին։

Աոհասարակ բժիշկը խոսում էր շատ ընդհանուր, շատ հասարակ բաների մասին։ Նա ոչ մի խոսք չասաց, ոչ մի ակնարկություն չարավ Ռուբենի և Մարիամի ներկա կացության մասին։ Նա չհիշեց մի որևէ դեպք անգամ, որ կարող էր կապ ունենալ այդ հանգամանքի հետ։ Նա թաքցրեց և՛ յուր այցելությունր Սադափյաններին։