Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրկին անցավ բժշկի մտքով։ Նա թեթև հառաչեց, կարծես, ազատվելով մի ճնշող ծանրությունից։

Մարիամը լուռ էր: Խոսում էր Ռուբենը կցկտուր։ Երեքն էլ զգում էին, որ խոսակցությունը չէ տաքանում, որ մեջտեղ կա մի սև թել, որ նրանց մտքերի հաղորդակցությունը արվեստական է դարձնում։

Վերջապես, բժիշկը նայեց ժամացույցին և իսկույն ոտքի վեր կացավ։ Նա ստիպողական գործ ունի, «ցավում է», որ չի կարող երկար նստել։

Փողոց դուրս գալով, նա ագահությամբ յուր թոքերը լցրեց ազատ օդով։ Փոքրիկ բնակարանի ցածր առաստաղը, Մարիամի թախծալի դեմքը, Ռուբենի ակներև անփութությունը դեպի յուր ընկերը, այս բոլորը ծանր ազդեցություն էին գործել նրա վրա։ Նա չէր կարող միանգամից, խստորեն ընդհատել յուր հարաբերությունները նրանց հետ, այդ կլիներ արդեն վերին աստիճանի կոպիտ։ Իսկ նա չէր կամենում կոպիտ լինել։ Պետք է հետզհետե, փոքր առ փոքր հեռանալ։ Ահա ինչու, «ցտեսություն» ասելով, նա տվեց Ռուբենին յուր մանրամասն հասցեն և խնդրեց այցելել։ Այդ օրը մինչև երեկո Ռուբենը և Մարիամը չխոսեցին Մելիք-Բարսեղյանի մասին։ Նրանք ճաշեցին շտապով, հատ-հատ անկապ, աննշան խոսքեր փոխանակելով։ Թվում էր, որ երկուսին էլ միևնույն միտքն է զբաղեցնում, որ երկուսն էլ ցանկանում են բացատրել այդ միտքը, բայց միմյանցից քաշվում են։

Երկու օր անցած Ռուբենը իրիկնադեմին տուն վերադառնալով, Մարիամին տեսավ պատշգամբի վրա։ Օրիորդը մի սյունից մինչև մյուսը մի պարան կապած, փռում էր լվացած շորերը։ Նրա թևերը ծալած էին մինչև արմունկները, թանձր մազերը բարակ թաշկինակի տակից սփռվել էին ուսերի վրա։

Մի ծանր զգացմունք ճնշեց Ռուբենի սիրտը, երբ տեսավ քրոջ կարմրած և սապոնի բծերով ծածկված բազուկները։ Առաջին անգամ նա զգաց աղքատության դառն լուծը։ Միթե այդպիսի ապագա երազե՞լ էր նա յուր քրոջ համար։ Նա զսպեց յուր հառաչանքը, շտապեց ներս: