Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վառեց կանթեղները, հակառակ Մարիամի ընդդիմության ինքը սամովարը դրեց, հետո սկսեց օգնել քրոջը, խոհանոցից կեղտոտ ջուրը գավիթ տանելով։

Չայ խմելուց հետո նա նորից նստեց պարապելու, չկարողացավ միտքը կենտրոնացնել։ Նա կանչեց Մարիամին յուր մոտ։ Երբ քույրը եկավ նստեց, անցավ այն րոպեական լռությունը, որ սովորական է երկու մտերիմների լուրջ և ծանր խոսակցությունից առաջ։

Սկսելով շատ հեռվից, Ռուբենը շատ զգույշ, շատ նուրբ կերպով ակնարկեց Մելիք-Բարսեղյանի մասին։ Սակայն այդ զգուշությունը հուզեց Մարիամին։

— Ինչո՞ւ ես տանջում ինձ քո հետաքրքրությունով,— գոչեց նա հանկարծ, մի դառն խստությամբ, որ հատուկ չէր նրան,— միթե ամեն ինչ հայտնի չէ՞ քեզ, միթե չգիտե՞ս ինչ եմ զգում ես...

— Մարո, ես երբեք չեմ ձգտել իմանալ այն, ինչ որ դու կամեցել ես ինձանից թաքցնել, երբեք չեմ ուզեցել կպչել քո սրտի գաղտնիքներին։ Բայց լսի՛ր, ես չեմ կարող սառնարյուն մնալ, քանի տեսնում եմ քեզ այդպես փոխված, այդպես տխուր: Ինձ համար պարզ է, որ մի միտք, մի ծանր վիշտ, քեզ օրից-օր, ի՜նչպես ասեմ, հալում է...

Մարիամի նշմարելի կերպով նիհարած այտերը կարմրեցին։ Անցավ մի քանի վայրկյան։ Նա վերջին ճիգն արավ պահելու յուր սառնությունը և... պատմեց այն բոլորը, որ վաղուց արդեն զգում էր Ռուբենը և այն բոլորը, որի մասին միայն կասկածում էր կամ միանգամայն չգիտեր։ Նա վաղուց էր կամենում հայտնել բայց կարծում էր, որ Ռուբենը կվշտանա, կհանդիմանի։ Նա մեղավոր չի, նա չկարողացավ զսպել ինքն իրան։ Սկզբում Մելիք-Բարսեղյանը դուր եկավ նրան իբրև խելոք, կրթված, զարգացած երիտասարդ։ Նա հարգեց նրան։ Ռուբենի գովասանքները ավելի զորացրին այդ հարգանքը, բարձրացրին բժշկին Մարիամի աչքում։

— Ես ուրախությամբ էի լսում քո գովասանքներդ, ես ցանկանում էի, որ դու ավելի հարգես, ավելի սիրես նրան։ Երբ նա Թիֆլիսից հեռացավ վերջին անգամ, ես մի տեսակ