— Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, ուրախությունով, ուրախությունով։
— Պայմա՞նը։
— Եթե պայմանի մասին կխոսես, ինձ կվիրավորեն, ինձ համար ոչինչ չարժե իմացածս քեզ սովորեցնել։ Հոգիս, մոռացե՞լ ես, ինչքան մենք բոլորս քեզ սիրում էինք ուսումնարանում։ Հոգիս, այդ ի՞նչ դժբախտություն է պատահել քեզ:
Երկար ախուվախից հետո, վարժուհին վերջապես վճռեց, որ Մարիամը այցելե նրան շաբաթական չորս անգամ, կեսօրից հետո։
Մարիամը հետևյալ օրից սկսեց դասերը։ Նա գնում էր վարժուհու մոտ միայնակ։ Երբեմն միայն Ռուբենը նրա հետ դուրս էր գալիս և մինչև կես ճանապարհ ուղեկցում։
Մի անգամ Մարիամը տուն վերադառնալիս, երբ փողոցի մի մայթից մյուսն էր անցնում, հանկարծ մի լանդո անցավ նրա առաջով։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ օրիորդ Նատալիային յուր մոր հետ նստած։ Հանդիպումը այնպես էր, որ նրանք ևս անշուշտ պետք է տեսնեին նրան։ Մարիամը գլուխը քաշ գցեց, խույս տալով նրանց հայացքից, և շտապով անցավ։
Մի ուրիշ անգամ նա տեսավ Մելիք-Բարսեղյանին, որ կառքով անցնում էր պրոսպեկտով։ Բժիշկը գդակը վերցրեց, մինչև անգամ տեղից բարձրացավ և խորին հարգանքով գլուխ տվեց։
Կառքը սրընթալով անցավ։
Մարիամի ոտները դողացին ներքին հանկարծակի խռովությունից։ Նա հազիվ կարողացավ տուն հասնել, և ամբողջ երեկո փակված մնաց սենյակում։ Հետևյալ օրից նա յուր երթևեկության ճանապարհը փոխեց։ Բայց այստեղ ևս նա ազատ չմնաց։ Մի օր նա անցնում էր Սոլոլակի փողոցներից մեկով, հետևից լսեց.
— Բարև ձեզ, օրիորդ։
Նա հետ նայեց, և երես առ երես հանդիպեց Հալաբյանին։ Երբեք նա չէր մտածել ամուրիի մասին և չէր էլ սպասում որևէ տեղ տեսնել նրան։