— Կսովորեմ, արդեն վճռել եմ սովորելու։ Ես մի ծանոթ օրիորդ ունեմ, որ կարուձևի վարժուհի է։ Կդիմեմ նրան, կխնդրեմ, որ ինձ դաս տա։
Ռուբենը հակառակեց։ Առանց այն էլ Մարիամի տնային գործերը ծանր են, ուրիշ պարապմունքի հետևից ընկնելը առայժմ ավելորդ է։
— Երբեք ավելորդ չէ,— պնդեց Մարիամը։— Ես ազատ ժամանակ շատ ունեմ, այժմ տնային գործերը հեշտացել են ինձ համար, ցերեկները մի քանի ժամ ձեռներս ծալած նստած եմ։ Այդ ինձ համար անտանելի է։
Այդ խոսքերի մեջ Ռուբենը զգաց քրոջ հաստատամտությունը։ Նա իսկապես ուրախ էր Մարիամի մտադրությանը, ուրախ էր, որ նա գիտե արհամարհել ամեն մի նախապաշարմունք, մոռանալ յուր փարթամ անցյալը և գնալ մի հասարակ արհեստավոր դառնալ։ Բայց և այնպես նա ընդդիմացավ լոկ այն պատճառով, որ խնայում էր քրոջ առողջությունը։
— Դու կարող ես մի ուրիշ գործ ընտրել, մի ավելի հարմար գործ,— ասաց նա։
— Ի՜նչ կարող եմ անել, ասա տեսնեմ, ի՞նչ, վարժուհությո՞ւն։ Դրա համար առանձին պատրաստություն է հարկավոր։ Իսկ ես ինչ որ սովորել եմ գիմնազիայում, մոռացել եմ։ Վերջապես, վարժուհի դառնալու սեր չունեմ։ Ուրիշ ի՞նչ է մնում։ Ի՞նչ են սովորեցրել ինձ, որ անեմ, մի քանի ֆրանսերեն ֆրազնե՞ր, պարե՞լ, մի քանի կտորներ ածե՞լ դաշնամուրի վրա։ Անպետք բաներ։ Ոչ, Ռուբեն, արգելք մի՛ լինիլ ինձ։ Ես կսովորեմ կար անելը, գոնե եթե ուրիշների համար էլ չկարեմ, քեզ և ինձ համար ուրիշներին չենք դիմիլ։
Երկու օր անցած Մարիամը գնաց յուր ծանոթ վարժուհու մոտ։ Վերջինը նախ կատակի տեղ ընդունեց նրա առաջարկությունը, հետո զարմացավ, երբ Մարիամը կրկնեց յուր խնդիրը լրջորեն։
— Հոգիս, քեզ զրկե՞լ են,— գոչեց նա, ձեռը ձեռին խփելով,— հոգիս, դու աղքա՞տ ես։
— Թողնենք այդ։ Հանձն առնո՞ւմ ես ինձ դաս տալ։