Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր օգնել այն մարդուն, որին օգնելը մի քանի օր առաջ «մեղք» էր համարում։

Չգիտեր ինչպես հայտներ յուր շնորհակալությունը Ռուբենը, այնքան զգացված էր, մանավանդ երբ լսեց.

— Ձեր խաթրու, պարոն Ռուբեն, միայն ձեր խաթրու կօգնեմ։

Դռան ձայնը ազատեց երիտասարդին նեղ դրությունից։

Ներս մտավ մոսիո Վախվախյանը։ Մոսիոն հուզված էր։ Նա նստեց և, ծանր շունչ քաշելով, պատմեց մի քանի նորություններ։ Ախշարումյանը պառկած է անկողնում. անցյալ օրը որկրամոլը ընթրիքի ժամանակ այնքան յուղալի և դժվարամարս կերակուրներ է կերել, որ չի մարսել ու հիվանդացել է։

Իշխան Սահարունին քաղաքային դումայում նիստից առաջ մեկի հետ կռվել է, ուզեցել է ապտակել յուր հակառակորդին։

Ռուբենը հրաժեշտ տվեց։

— Խնդրեմ, շուտ-շուտ շնորհ բերեք,— ասաց Հալաբյանը, ուղեկցելով նրան մինչև նախասենյակ։— Շատ կպարտավորեք, եթե վաղը բարեհաճեք ինձ մոտ ճաշելու։

— Ես ուրիշ տեղ չեմ ճաշում։ — կարծեմ, դուք այստեղից այնքան հեռու չեք բնակվում, այնպես չէ՞,— հարցրեց ամուրին։

Ռուբենը հայտնեց յուր բնակարանի տեղը։ Նա շտապեց տուն։ Արդեն մութն էր, նա երեկոները մենակ չէր թողնում քրոջը։ Նա տեսավ Մարիամին ավելի գունատված, ավելի մտազբաղ։

Նա պատմեց յուր այցելության մասին։ Նա ուրախ էր և գոհ յուր արածով, զգում էր հոգեկան մի անսովոր թեթևություն: Հալաբյանը հափշտակել էր նրան յուր բարությամբ։ Երբեք նա չէր սպասել այդ տեսակ վարմունք այն մարդուց, որին մինչև այն ժամանակ համարել էր խիստ գործնական, խիստ հաշվագետ։

— Մեր շահասեր հասարակության մեջ դա հազվագյուտ մարդ է,— գովում էր նա ոգևորված։— Մտածիր, Մարո, և կտեսնես, որ ճիշտ եմ ասում։ Մեր հորեղբայրը ծայրահեղ