Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրության մեջ է, ամենքը երես են դարձրել նրանից, ամենքը քչփչում են նրա սնանկության մասին, հանկարծ դուրս է գալիս մեկը և ասում է՝ «ես այդ մարդուն կազատեմ անպատվությունից»։ Այո, անպատվությունից, դու չգիտես վաճառականի համար ինչքան ամոթաբեր բան է սնանկանալր։ Ի՞նչպես չգովել այդ մարդուն, ի՞նչպես չուրախանալ։ Ոչ, ոչ, ինչ ուզում ես ասա, Հալաբյանը արժանի է հարգանքի։

Մարիամը պատրաստ էր համաձայնվել եղբոր ասածների հետ, նրա սրտում արդեն ծագում էր մի տեսակ հարգանք դեպի Հալաբյանը։ Բայց հանկարծ նա հիշեց այն օրը Սադափյանների տանը, երբ ամուրին առանձին ուշադրությամբ էր վարվում յուր հետ, հիշեց տիկին Սոփիոյի չար և օրիորդ Նատալիայի նախանձոտ հայացքները։

Եվ մի կասկած զսպեց նրա համակրությունը։

— Ի՞նչ է պատճառը,— հարցրեց նա,— որ առաջ չէր ուզում օգնել, այժմ հանկարծ ուզում է օգնել։

— Պատճառն այն է, որ ես խնդրեցի, որ նա տեսավ, թե ես ինչպես, ինքս զրկված լինելով իմ հորեղբորից, ներողամիտ եմ դեպի նա։

— Հետո՞...

— Հետո, ի՞նչ հետո, մարդ է, սիրտ ունե, զգաց մարդու նեղ դրությունը և ուզում է օգնել իմ խաթրու։

— Քո խաթրո՞ւ,— կրկնեց Մարիամը։

— Այո։

— Ռուբեն, լավ բան է մի մարդուն համոզել մյուսին օգնելու, մանավանդ, երբ այդ մյուսը մեր մոտիկ ազգականն է։ Բայց դու ի՞նչ կարող ես տալ նրա լավության փոխարենը, նա քեզ վրա բարոյական պարտք է դնում։

— Ես սխալվեցի, նա ինքն էլ հենց ուզում էր օգնել։ Ի՞նչ, միթե դու չե՞ս հավատում մարդկանց։ Իրավունք ունես... Բայց համբերիր, սիրելիս, այդպես շուտ մի՛ հիասթափվիր, աշխարհը միայն վատ մարդկանցով չէ լցրած...

Նա լռեց, դիտմամբ, իսկույն զգալով, որ կարող է Մարիամին հիշեցնել Մելիք-Բարսեղյանի վերաբերմունքը։ Բայց այդ մի քանի խոսքերն ևս բավական էին Մարիամի սրտի