Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղբայրական անձնվեր, անսահման սիրով, և այսքանը բավական էր, որ քրոջ ամենաթեթև վիշտն անգամ սուր արձագանք գտներ նրա զգայուն սրտում։

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ»,— կրկնում էր նա մտքում ամեն անգամ, լսելով քրոջ լուռ, ծանր և սիրտ թափանցող հառաչանքները։

Այնինչ օր-օրի վրա էր անցնում։ Մելիք-Բարսեղյանը դարձյալ չէր երևում, Ռուբենը երբեմն պատահում էր նրան փողոցում, բարևում էր և անցնում։ Նա չէր կամենում մոտենալ բժշկին, գիտեր, որ սառնարյուն չի կարող նրա հետ խոսել, գիտեր, որ կամա թե ակամա պետք է արտահայտե նրա մոտ յուր սրտի ատելությունը։— Մի բան, որ նա տակավին չէր ուզում ցույց տալ։

Իսկ Մարիա՜մը. որքան ուզում էր չմտածել, որքան ուզում էր յուր վիշտը եթե ոչ մոռանալ, գեթ փոքր-ինչ մեղմացնել տնային գործերով և կարուձևի պարապմունքով, այնքան ավելի համառությամբ էին հալածում նրան անցյալ երջանկության հիշատակները։

— Հոգյակս, դու հիվա՞նդ ես,— հարցրեց մի անգամ կարուձևի վարժուհին, որ վաղուց արդեն նկատել էր յուր ընկերուհու խորին թախիծը։

— Ինչի՞ց ես եզրակացնում, որ հիվանդ եմ։

— Նրանից, որ դու ուշադրությունով չես աշխատում, որ ես քեզ բան եմ բացատրում, չես լսում, միշտ միտքդ ուրիշ տեղ է։ Այո, դու հիվանդ ես, բայց չգիտեմ ի՛նչ է հիվանդությունդ։

Մարիամի կրծքից ակամա մի հառաչանք դուրս թռավ և նա գլուխը թեքեց կրծքին տխուր ու տրտում։

— Ես տեսնում եմ, հոգիս, որ դու մի վիշտ ունես,— խոսեց դարձյալ վարժուհին և, ձեռը դնելով նրա ուսի վրա, շարունակեց.— ամոթ չէ՞, որ ինձանից թաքցնում ես։ Մոռացե՞լ ես մեր ընկերական սերը։ Ասա՛, հոգիս, պատմի՛ր, ով գիտե, կարելի է մի բանով կարող եմ օգնել քեզ։ Ի՞նչ, դու, կարծես, ուզում ես արտասվել, հաա՜, այժմ համոզված եմ, որ քո վիշտը աղքատությունը չէ, մինչև որ չպատմես, ձեռք չեմ քաշի քեզանից։ Մարո, սիրելի Մարո,