մոռացության տալ, պետք է աչք փակել նրան չտեսնելու, ականջ փակել նրան չլսելու համար, այո, փակել բոլոր զգայարանները։
Նա փորձեց գրգռել յուր մեջ մի խորին, մի կծու ատելություն և այդ ատելությունը, իբրև զենք, գործածել այն անգութ պատկերի դեմ։ Սակայն ի՞նչպես հղացնել այդ ատելությունը։ Նրա սիրտը չի հպատակվում խելքին։ Նա տկար է, անզոր, ճնշված մի բոլորովին հակառակ զգացմունքով։ Ի՞նչ է այդ։ Գուցե այդ նույն ինքը ատելությունն է, որ ավելի բորբոքում է նրա վառվռուն հոգին, միայն այլ կերպ, այլ ուղղությամբ։ Այն ժամանակ ո՞ւր է սիրո և ատելության մեջ այն անդունդը։
Ատել և սիրել, չկամենալ և ձգտել, փախչել և մղվել — ահա սոսկալի դրություն։
«Տեր աստված, տեր աստված, տո՛ւր ինձ սառնասրտություն, տո՛ւր ինձ համբերություն»...
X
Առավոտյան Մարիամը զարթնեց սովորականից ուշ։ Նա ավելի գունատվել էր, նրա աչքերի տակը մի քիչ կապտած էին, կոպերը ուռած։
— Ո՞ւշ ես քնել գիշերը,— հարցրեց Ռուբենը։
— Այո։
— Ինչո՞ ւ։
— Կարդում էի։
Ռուբենը զգաց, որ Մարիամը ստում է, որ նա գիշերը անքուն է անցկացրել, և գիտեր, որ այդ առաջին անքնությունր չէր։ Ի՞նչ աներ, ինչո՞վ ամոքեր նրա վիրավորված սիրտը։ Խոսե՞լ Մելիք֊Բարսեդյանի հետ, բացատրությո՞ւն պահանջել։ Բայց արդյոք Մարիամը կտա՞ նրան իրավունք այդ մասին որևէ խոսք բանալու բժշկի հետ։ Ոչ երբեք. նրա խորին ինքնասիրությունը բնավ չի թույլ տալ այդ։
Սիրո փորձությունները տակավին չճաշակած երիտասարդը հարկավ, չէր կարող լիովին կշռել հագուրդ չստացած սրտի դառնության չափը։ Բայց նա սիրում էր Մարիամին