Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարո։ Աղքատությունը ամոթ բան չէ, ամոթ է աղքատությունից ամաչելը։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ծաղրելու: Իսկ եթե ծաղրողներ լինեն, միթե չե՞ս կարող այդպիսիներին արհամարհևլ։

Նա շատ լավ գիտեր, որ Մարիամի հասարակությունից փախուստ տալու պատճառը աղքատության զգացումը չէ, բայց շեշտելով այդ հանգամանքը, կամենում էր կպչել նրա ինքնասիրությանը։ Գիտեր, որ միայն այդպիսով կարող էր համոզել քրոջը:

— Ես ոչ ոքից չեմ քաշվում մեր աղքատության պատճառով,— պատասխանեց Մարիամը զգացված,— խնդրում եմ այդ մասին այսուհետև չխոսես։

— Որ այդպես է, թատրոն չենք գնալ, այլ մի ուրիշ տեղ։ Վաղը երեկոյան հայոց բալն է, ես շատ եմ ցանկանում մի անգամ մի տեղ տեսնել այստեղի հասարակությանը։ Գնա՜նք վաղը միասին։

Մարիամը գլուխը թեքեց կրծքին։ Նրա հոնքերը սեղմվեցին, ճակատը դարձյալ պատեց տխրության քողով։ Հիշեց նա, որ այդ երեկույթի կարգադրիչը Նատալիան է լինելու։ Գնա՞լ այնտեղ, ուր այդ գոռոզ արարածը, նրա անհաշտ հակառակորդը, յուր փքված մոր հետ պիտի փայլեն.— ոչ, ոչ, նա չի կարող։ Սակայն նույն վայրկյանին նրա գլխում զարթնեց մի այլ միտք։— Անշուշտ Մելիք-Բարսեղյանը այնտեղ կլինի, անշուշտ նա չի արհամարհիլ մի այդպիսի հանդիսավոր երեկույթ։ Ի՞նչ կանի բժիշկը այդ երեկո, ո՞ւմ հետ կխոսի, ո՞ւմ հետ կզբոսնի, կամ գուցե կպարի։ Եվ զգում էր նա, որ չի կարողանում դիմանալ յուր սրտի ձգտմանը, որ հակառակ յուր կամքի, հիվանդոտ հետաքրրքրությունր մղում է նրան դեպի այնտեղ, ուր պետք է լիներ բժիշկը։ Այո, պետք է գնալ, պետք է տեսնել նրան։ Այդ երեկո վերջապես կվճռվի նրա բախտի խնդիրը։ Հասարակության մեջ մի թեթև վարմունք, մի որոշ շարժմունք անգամ կարող է դրականապես պարզել բժշկի հոգին։

«Այն ժամանակ ես կհամոզվեմ և կհանգստանամ», վճռեց Մարիամր։

Հետևյալ օրը դարձյալ տոն էր։ Ռուբենը օգնում էր Մարիամին