Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնային գործերում, երբ պատշգամբի վրա հանկարծ երևաց Հալաբյանը։ Ռուբենը չզարմացավ, բայց փոքր֊ինչ շփոթվեց։ Նա դուրս շտապեց հյուրին դիմավորելու և հարգանքով հրավիրեց ներս։

— Ես եկել եմ հայտնելու, որ ձեր հորեղբոր գործերը հաջող են գնում,— ասաց ամուրին, միանգամայն ընկերաբար թոթվելով երիտասարդի ձեռը։

— Եվ իհարկե, ձեր շնորհիվ,— ավելացրեց Ռուբենը, հրավիրելով նրան նստել,— թույլ տվեք կրկին անգամ հայտնել շնորհակալությունս։

— Ես երաշխավոր եղա, նրա երկու վեքսիլները փոխեցին մեկը վեց հազարի, մյուսը ութ հազարի,— շարունակեց Հալաբյանը մի առանձին ինքնագոհությամբ։— Էգուց էլ մի քիչ փող կգտնեմ, կտամ, հետո էլ վախենալու բան չկա, ձեր հորեղբայրը կազատվի անպատվությունից։ Թող նա գա, ձեր ոտները համբուրի, դուք եք նրան ազատողը։

Արտասանելով այս խոսքերը մյուս սենյակում լսվելու չափ բարձր ձայնով, Հալաբյանը նայում էր աջ ու ձախ։ Պարզ էր, որ նա Մարիամին էր սպասում։

Դարձյալ Ռուբենը ոգևորվեց, դարձյալ Հալաբյանը նրա առաջ պատկերացավ իբրև մի ազնիվ, բարեսիրտ մարդ, յուր տեսակի մի ասպետ։ Մտքում նա մինչև անգամ մեղադրեց Մարիամին, որ այնքան ուշանում էր մի այդպիսի հյուրին ներկայանալու։ Թվում էր նրան, թե ամենաչնչին մի անուշադրություն չպետք է թույլ տալ այդ մարդու վերաբերմամբ, թե նա արժանի է ամենախորին հարգանքի, թե վերին աստիճանի անքաղաքավարություն կլինի չհարգել նրան, մի այդպիսի հազվագյուտ մարդու։ Ահա ինչու նա չկարողացավ զսպել իրան, անցավ մյուս սենյակ և Մարիամին խնդրեց շուտով դուրս գալ։

— Ես չեմ կարող նրան երևալ,— հակառակեց Մարիամը,— դու զբաղեցրու, ես գործ ունեմ։

— Անկարելի է, նա կկարծի, որ չես ուզում նրա երեսը տեսնել, ամոթ է Մարո, նա մեր հորեղբորը ազատել է խայտառակությունից, հասկանո՞ւմ ես։

Մարիամը ակամա հնազանդվեց եղբոր թախանձանքին,