Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակներով և փաստերով, որ թվում էր, թե խոսում է լոկ խոսելու համար և էլ մի ուրիշ նպատակով։

Քանի մի րոպե Մարիամի կասկածը մեղմացավ, տեսնելով, որ Հալաբյանը խոսելիս ավելի Ռուբենին է դառնում, քան իրան։ Նա չգիտեր, որ այդ մի տեսակ քաղաքականություն է ամուրիի կողմից։ Նա հիմարություն համարեց յուր երկյուղը մի մարդուց, որ բացի բարեսիրտ և քաղաքավարի լինելուց, առայժմ ոչինչ չէ ցույց տալիս։ Նա մինչև անգամ սկսեց խոսել Հալաբյանի հետ։ Ռուբենը հաղորդել էր նրան մոսիո Վախվախյանի պատմած անցքը իշխան Սահարունիի մասին։

— Էէէ, ոչինչ բան է, պատասխանեց Հալաբյանը օրիորդի հարցին,— իշխանը մի փոքրիկ վեճ է ունեցել ձեր հորեղբոր պարտատերերից մեկի հետ, ուրիշ ոչինչ։

Անտանելի էր Հալաբյանի համար խոսել այն բաների մասին, որ չէին բխում նրա սրտից, որ չէին համապատասխանում նրա այժմյան զգացմունքներին։ Խոմ երկար թաքցնել չէ կարելի, խոմ, վերջապես պետք է պարզվի նրա միտքը։ Բայց ինչպես պարզել— դիմե՞լ ուղղակի Մարիամին։— Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Եվ Հալաբյանր զգում էր, որ երբեք այդչափ քաջություն չի ունենալ։ Դիմել Ռուբենին։— Այդ ավելի դյուրին է։ Նա բարեսիրտ երիտասարդ է, խելոք է, ժամանակակից, ազատամիտ։ Նա է Մարիամի միակ մեծը և պաշտպանը, և նրա հետ կարելի է պարզ սրտով խոսել։

Մինչ նրա ուղեղը զբաղված էր այս խորհրդածություններով, լեզուն խոսում էր այլ բաների մասին, ժամանակը անցնում էր։ Նա չէր կամենում ձանձրացնել Մարիամին, պետք էր հրաժեշտ տալ, և նա ոտքի կանգնեց։

— Ես միշտ տանն եմ լինում, որ ժամին էլ գաք, ուրախ կլինեմ,— ասաց նա, կրկին և կրկին խնդրելով Ռուբենին այցելել իրան։

Նախքան դուրս գալը, նա մի հայացք ձգեց յուր շուրջը։ Մինչև այդ րոպե նա լավ ուշադրություն չէր դարձրել աղքատիկ բնակարանի անշուք կահ-կարասիի վրա։ Անսովոր չքավորությունը տարօրինակ ազդեցություն գործեց