Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակամա, որովհետև այլևս կասկած չուներ, որ Հալաբյանի այցելությունն աննպատակ չէ։ Նա փոխեց յուր վերնազգեստը և դուրս եկավ։

Վայրկենաբար ամուրիի հոգեկան տրամադրությունը փոխվեց։ Նա հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունը, շտապեց առաջ և հարգանքով սեղմելով օրիորդի ձեռը, արտասանեց.

— Հուսով եմ, որ իմ այցելությունը հանդգնություն չեք համարիլ. մեր վաղուցվա ծանոթությունը ինձ իրավունք տվեց։ Առո՞ղջ եք։

Մարիամը գլուխը թեթև խոնարհեցրեց և նստեց սենյակի մի անկյունում։

— Եկել եմ ձեր եղբորը հանդիմանելու,— շարունակեց Հալաբյանը,— ամեն օր տանս առաջով անցնում է, գոնե երկու օրը մի անգամ էլ չի մտնում։ Շատ ցավում եմ, որ բարեկամությունը որդուց-որդի ժառանգաբար չի անցնում,— դարձավ նա Ռուբենին,— եթե իմանայիք ձեր հայրը ինչքան էր սիրում ինձ, այդպես չէիք վարվիլ ինձ հետ։ Հանգուցյալը մի օր ինձ չտեսնելիս, տխրում էր։ Միշտ ինձ ասում էր. «ես քեզ սիրում եմ որդուս պես, որովհետև քո հանգուցյալ հայրդ ինձ սիրել է յուր որդու պես»։ Ախ, Գրիգորի Միրոնովիչ, ես երբեք չեմ մոռանալ քեզ։

Եվ նա վերջին խոսքերը այնպիսի զգացված ձայնով և խորհրդավոր եղանակով արտասանեց, որ կարելի էր կարծել, թե յուր հարազատ հոր մասին է խոսում։

Հոր հիշատակը դուրս հանեց Մարիամի կրծքի խորքից մի հառաչանք, որ նա, սակայն, շտապեց զսպել։

Հալաբյանը շարունակեց յուր խոսքը և հետզհետե մեկից մյուսին անցնելով, սկսեց խոսել յուր մասին։ Նա գանգատվեց, որ յուր օրերը տխուր են անցնում։ Կյանքը առհասարակ ձանձրալի բան է։ Նա բավական զզվել է հասարակությունից, չգիտե ինչպես հեռու ապրել նրանից։

Հետո նա շատ անփույթ կերպով ակնարկեց յուր հասարակական դիրքը, յուր հարստությունը, այն հարգանքը, որ վայելում է զանազան շրջաններում։ Եվ այս բոլորը նա յուր խոսակցության մեջ անցկացրեց մի այնպիսի վարպետությամբ