Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հալաբյանին ճանապարհ դնելուց հետո, մտնելով քրոջ սենյակը,— նա ինձ խնդրեց, որ յուր քրոջ որդու հետ պարապեմ: Ուրեմն ես մի փոքրիկ բանով պարտքս կթեթևացնեմ, այնպես որ…

— Ռուբեն,— ընդհատեց Մարիամը եղբոր խոսքը,— այդ պարոն Հալաբյանը շատ լավ մարդ է, բարի է, բայց…

— Բա՞յց։

— Ես չեմ ուզում, որ նա մեզ այցելե։

— Պատճա՞ռը։

— Հենց այնպես, չեմ ուզում։

— Ասա, Մարո, առանց պատճառի չի լինիլ, ասա, եթե մի բան կա։

— Ի՞նչ կապ մեր և նրա մեջ, ասա խնդրեմ. նա հարուստ է, մենք աղքատ։

— Նա հարուստ է, մենք աղքատ — հետո՞, ա՞յդ է բոլորը։

— Ես կարծում եմ այսքանն էլ բավական է, որ մնացյալը դու հասկանաս։ Ուրիշ ասելիք չունեմ։

Արտասանելով վերջին խոսքերը, Մարիամը հանդարտ վեր կացավ տեղից ու դուրս գնաց։ Ռուբենը զարմացած նայեց նրա հետևից, մի քանի վայրկյան մտածողության մեջ ընկավ։ Առաջին անգամ նրա սրտում ծագեց մի թույլ կասկած Հալաբյանի մասին։

«Քույրս ճշմարիտ է ասում,— խոսեց նա մտքում,— մեր և այդ հարուստ Հալաբյանի մեջ ի՞նչ կապ կարող է լինել: Ինչ կա՞պ… չէ՞ որ նա իմ հոր բարեկամն է։ Հետո՞։ Ոչ. Մարոն ճշմարիտ է ասում։ Մի՞թե ես այդքան պարզամիտ եմ։ Մի՞թե Հալաբյանի բարեկամությունը մի ուրիշ նպատակ ունե։ Ահա հենց այդ բանը պետք է իմանալ»…

Եվ ամբողջ օրը նա քրոջ խոսքերի ազդեցության տակ էր։ Որքան նա թախանձեց, որքան ստիպեց, Մարիամը այլևս ոչինչ չխոսեց այդ մասին, և միայն կրկնում էր.

— Ինքդ մտածիր։

— Հասկանում եմ,— ասաց, վերջապես, Ռուբենը,— այդպիսի մի մարդ, ինչպիսին Հալաբյանն է, եթե մի նպատակ ունե մեր վերաբերմամբ, այդ նպատակը ուրիշ ոչինչ