Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի կարող լինել, եթե ոչ... Նա ամուրի է և գուցե... Բայց, Մարո, ես այդ կողմից բոլորովին վախ չունեմ։ Դու անկախ ես... հասկանում ես, ոչ ոք, ոչ ոք չի կարող ճնշումն գործել քեզ վրա... հասկանո՞ւմ ես։ Գալով ինձ, երբեք, բացի եղբայրական խորհրդից, ոչինչ իրավունք մի՛ սպասիլ ինձանից։ Այո, ես հասկանում եմ միտքդ։ Բայց դու երեխա չես, իսկ ես միշտ ուժ կունենամ քեզ պաշտպանելու ամեն տեսակ քեզ համար անախորժ բաներից...

— Ես այդ գիտեմ, Ռուբեն,— արտասանեց Մարիամը, տեսնելով, որ եղբայրը հասկացել է յուր միտքը,— շնորհակալ եմ։— Մի բան միայն խոսեմ. ես Հալաբյանի մասին վատ կարծիք չունեմ, բայց կրկնում եմ, նրա այցելությունը ինձ ճնշում է։ Իսկ դու ինքդ կարող ես նրա հետ բարեկամ մնալ։

— Եթե այդպես է, ես այնպես կանեմ, որ նա երկրորդ անգամ այստեղ չգա,— վճռեց Ռուբենը, վերջ տալով խոսակցությանը։


XI


Հասավ այն օրը, երբ պետք է փայլեր օրիորդ Նատալիան։ Երեկոյան ինը ժամն էր, Թիֆլիսի ժողովարանի ձմեռային բնակարանում տիրում էր մի անսովոր շարժում։ Իշխան Սահարունին ֆրակ և սպիտակ փողպատ հագած կարգադրություններ էր անում։ Հանդիսավոր հագնված սպասավորները մի անսովոր եռանդով կատարում էին նրա աջ ու ձախ սփռվող հրամանները։

Բազմաթիվ տոմսակները վաղօրոք տարածված էին հասարակության մեջ, հույս կար, որ բարեգործական երեկույթը պիտի բազմամարդ լինի։ Ժողովարանի հարյուրավոր մոմերով լուսավորված սենյակները մի առանձին շուք էին ստացել։ Գլխավոր դահլիճի մի ծայրը բռնված էր վիճակախաղի իրերով։ Մյուս ծայրում առանձին-առանձին կանգնած էին երեք տոմսակ վաճառող օրիորդներ, շրջապատված իրանց երկրպագու կավալերներով։

Երաժշտությունը վերնահարկից դղրդեցրեց դահլիճները: