Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձևով, մոտեցրեց մի քանի ծանոթների, և ոմանք հետևեցին նրան՝ տոմսակ գնելու։

Դահլիճը հետզհետե լցվում էր, խուլ աղմուկը ավելի ու ավելի սաստկանում էր։

Հասարակության մեջ երևեցավ Ախշարումյանի սև և գեր պարանոցը։ Որկրամոլը առողջացել էր։ Պետք է ասած, որ մոսիո Վախվախյանը նրա հիվանդության լուրը մեծացրել էր, ինչպես սովոր էր փքել ամեն մի չնչին լուր։

— Տասը-տասը ռուբլու ամեն մի արկղից— ավել չեմ պահանջում,— դիմեց նրան իշխանը, թևից բռնելով և քաշելով տոմսավաճառների մոտ։

— Այդ բանում հավասարության օրենքին ես խիստ հակառակ եմ,— ասաց Ախշարումյանը,— ով ավելի գեղեցիկ է, նրա համար ավելի կզոհեմ։ Բարեգործությունն էլ ճաշակի բան է, ես փողերս նվիրում եմ կանանց և ոչ թե գործին։

Եվ նա յուր ճաշակի համաձայն դիմեց այն արկղին, որի մոտ կանգնած էր ամենագեղեցիկը տոմսավաճառ կանանցից։

Հասարակությունը Նատալիայի քեֆովը չէր։ Գերազանցող տարրը դարձյալ հասարակ վաճառականների ընտանիքներն էին։ Նա անհամբեր սպասում էր «արիստոկրատներին», առանձնապես կոմսուհի Նավալիխինային։ Նրա տրամադրությունը ավելի վատացավ, տեսնելով մի քանի «սյուրտուկավոր» երիտասարդներ, որ ինքնագլուխ, կոպիտ կերպով, քաշում էին սրան ու նրան և մոտեցնում տոմսավաճառներին։

— Ովքե՞ր են այդ չուչելները,— հարցրեց օրիորդը իշխանից։

Նորին պայծառափայլությունը հեգնաբար ժպտալով, պատասխանեց.

— Մեր ազգասերները։

— Որ մեջտեղ չընկնեն, լավ կլինի։

Այդ րոպեին տիկին Սոփիոն, Հալաբյանի թևից բռնած, մոտեցավ աղջկանը։ Մտնելով դահլիճ, տիկնոջ առաջին հույսը եղավ գտնել ամուրիին, երկրորդը՝ դիմավորել անվանի կոմսուհուն։