Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Միթե չե՞ք պարելու, որ դուք էլ սյուրտուկով եք եկել,— հարցրեց Նատալիան դժկամությամբ։

— Ո՛չ:

— Զարմանալի է, կարծես, բոլորը երդվել են իմ բալս փչացնել այս երեկո։

— Ինչո՞ւ, տոմսակները լավ են վաճառվում, ես կարծում եմ մեծ եկամուտ կունենաք։

— Շատ հարկավորս է եկամուտը, իմն այն է, որ բալս ուրախ անցնի, շքեղ լինի։ Այդ սյուրտուկները ամեն բան տգեղացնում են։

Ամուրին շտապեց յուր բարեգործական տուրքը վճարելու տոմսավաճառներին։ Հետո նա, օգտվելով Սոփիոյի և Նատալիայի զբաղված դրությունից, հեռացավ և խառնվեց ամբոխին։ Մի քանի ժամ առաջ Ռուբենը նրա մոտ էր եղել, և նա վարպետությամբ իմացել էր, որ Մարիամն ևս երեկույթ է գալու։ Անցնելով մի դահլիճից մյուսը, ամեն տեղ աչք ածելով, նա չգտավ Մարիամին, և արդեն հուսահատվելու վրա էր, երբ մի անկյունում տեսավ Ռուբենին մի քանի երիտասարդների հետ։

— Դուք միայնա՞կ եք եկել,— հարցրեց նա, չկարողանալով զսպել յուր հետաքրքրությունը։

Մինչև Ռուբենի պատասխանելը, նա տեսավ Մարիամին։ Օրիորդը յուր վարժուհու հետ կանգնած խոսում էր։ Պատից քարշ արած մեծ կանթեղը առատ լույսը սփռել էր նրա վրա։ Եվ այդ լուսո ներքո նրա երեսի գունատությունը այնքան նկատելի չէր. աչքերի մեջ միայն փայլում էր մի տեսակ տենդային հուզմունք խառն մելամաղձոտության հետ։ Նա արագ-արագ հովհարում էր իրան, անդադար նայելով աջ ու ձախ անհամբեր հայացքով։ Նա հագած էր յուր բաց արճիճագույն մետաքսյա հագուստը, պարզ, առանց ավելորդ զարդարանքի։

Բարեբախտաբար Հալաբյանը կարուձևի վարժուհու հետ ծանոթ էր։ Նա բարևեց, կանգ առավ և սկսեց խոսակցել։ Մարիամը զգաց դարձյալ սովորական ճնշումը։ Թվում էր նրան, որ ամեն կողմից յուր վրա են նայում, որ ամենը իսկույն պիտի սկսեն նրա մասին խոսել, բամբասել։