Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կասկած էր ընկել։ Արդյոք մի որևէ կապ կա՞ նրանց մեջ, մտածում էր ամուրին: Նա զննեց բժշկին, և մի նախանձ զարթնեց նրա սրտում։ Երիտասարդությունը, աշխույժ խոսակցությունը, «բժիշկ» կոչումը — ահա այդ նախանձի առաջին պատճառը։ Նա սկսեց ատել բժշկին և մտածում էր ինչպես նրան հեռացնի Մարիամից։

Նրանց մոտով ծանր քայլերով անցավ տիկին Սոփիոն մի ինչ-որ վրացի իշխանի հետ։ Մարիամը երեսը մի կողմ դարձրեց։ Տիկինը, տեսնելով նրան Հալաբյանի հետ, մտքում գրգռվեց։ Նա որոնում էր ամուրիին, նրան մոտեցավ միայն բժիշկ: Երևեցավ և իշխան Սահարունին։ Մարիամը վարժուհու թևից բռնելով, հեռացավ, խույս տալով թե՛ իշխանից և թե Սոփիոյից։

— Երկու խոսք ունեմ քեզ ասելու,— ասաց իշխանը առնելով Հալաբյանի թևը։

— Ի՞նչ ես ուզում ինձանից,— պատասխանեց Հալաբյանը մի այնպիսի եղանակով, որ արտահայտեց նրա խորին դժկամությունը։

— Դու անպատճառ պիտի պարես։

— Ե՞ս։

— Այո', դու։

— Դու խելագարվել ես, իշխան. ես տասը տարի է չեմ պարում։

— Իմ խաթրու պետք է պարես, թե չէ՝ էլ ինչ պռիկաշչիկ֊մռիկաշչիկ ասես մեջ են ընկել, ուզում են պարել։ Քրոջս աղջկա բալը փչացնում են, նա վրդովված է։ Ես արդեն մի քանի զույգ կազմել եմ, ուզում եմ, որ օրինավոր մարդիկ մեջտեղ մտնեն։ Կոմսուհի Նավալիխինան այստեղ է. ամոթ է։ Հալաբյանը մեծ դժվարությամբ կարողացավ ազատվել իշխանի ձեռքից և գնաց Մարիամին գտնելու։

Վիճակախաղը վերջացել էր, հատակի վրա սփռված էին պատռոտված տոմսակները։ Պարերը արդեն սկսվել էին։ Նատալիան վալս էր պտտում մի երիտասարդ սպայի հետ, որին նա համոզել էր պարերի կառավարիչ լինել։ Դահլիճը ծայրեիծայր լիքն էր։ Հանդիսականները, ըստ երևույթին, գոհ էին երեկույթից։ Միայն մի քանիսի դեմքերն էին տխուր,