Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հալաբյանը հանեց գրպանից յուր վերցրած տոմսակները, որ դեռ չէր բաց արել: Նա կեսը տվեց վարժուհուն, կեսը Մարիամին և խնդրեց բաց անել: Բոլորը փուչ դուրս եկան։ Այդ անհաջողությունը գրգռեց նրա սնահավատությունը, որից նա զերծ չէր։ Նա հեռացավ և իսկույն վերադարձավ մի բուռն տոմսակներ ձեռին։ Այս անգամ Մարիամի բացածներից երկուսը նոմերով էին։

— Ձեր ձեռքը բախտավոր է ինձ համար,— ասաց Հալաբյանը խորհրդավոր եղանակով։

Նա այժմ ուրախ էր, որ պտույտ-պտույտ էր անում Մարիամի շուրջը, աշխատելով օրիորդի դեմքի վրա շարժել մի ժպիտ։ Բայց վերջինս լուռ էր և մտախոհ։

Հանկարծ Մարիամը մի ցնցում զգաց։ Մելիք-Բարսեղյանը անցնում էր նրա մոտով։ Տեսնելով Մարիամին, նա քաղաքավարությունից դրդված մոտեցավ, արտասանելով.

— Դուք այստե՞ղ եք։

Բժիշկը ծանոթ էր Հալաբյանի հետ։

Մարիամի սիրտը ուժգին բաբախում էր։ Ինչ էր այդ — երկյո՞ւղ, սե՞ր, ատելությո՞ւն, թե՞ հետաքրքրություն — չգի՛տեր։ Զգում էր միայն, որ նա դարձյալ կաշկանդում է յուր կամքը, խլում է հաստատակամության վերջին ուժը։ Այն, ինչ որ մի րոպե առաջ համոզմունք էր, դարձյալ փոխվեց կասկածի։ Բժիշկը խոսում էր երեկույթի մասին։ Կրկին թույլ հույսի նման մի բան զարթնեց Մարիամի սրտում։ Միթե ամեն ինչ վերջացած է, մի՞թե։ Նրա համար ախորժելի էր հուսալ, և այդ հույսը նա ստանում էր բժշկի մի ամենաթույլ ժպտից, մի անորոշ հայացքից։ Նա զգում էր բուռն ցանկություն բժշկի հետ առանձնանալու։ Վախենում էր, որ մի գուցե նա թողնի իրան և հեռանա։ Պետք է նրա հետ խոսել, թող ինչ ուզում է լինի, անորոշությունը ծանր է, դառն է, անտանելի է։

— Դուք չե՞ք պարելու,— հարցեց Հալաբյանը Մելիք-Բարսեղյանից։

— Ես շատ հազիվ եմ պարում։

Հալաբյանը դժգոհությունից կծեց ներքին շուրթը։ Նկատելով Մարիամի դեմքի փոփոխությունը, նրա սիրտն արդեն