Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իրավունք ունեք, Պետր Աֆանասևիչ, արժեր տեսնել այս տարօրինակ հասարակությունը։

— Աոանձին ուշադրության արժանի է այդ գեղեց…կու…հի… նե…րի… հագուստը, մանավանդ գրացիան, էֆ, էֆ, էֆ,— մեջ մտավ երկրորդ ուղեկիցը և սկսեց բարձրաձայն ծիծաղել։

— Պարոններ, զգույշ կացեք, մի՛ մոռանաք, որ մենք այստեղ հյուր ենք,— սաստեց կոմսուհին շշնջյունով:

— Իսկ կառավարչուհին, ֆո, ֆո, ֆո,— հիանալի է։

— Իսկ մա՜յրը։

— Ռիստոկրատկա՜։

— Խի խի խի,— ծիծաղեց կոմսուհին, յուր կարմիր երեսը մեծ հովհարով ծածկելով։

Նատալիան պարում էր և, միևնույն ժամանակ, աչքը չէր հեռացնում կոմսուհուց։ Նկատելով վերջինի զվարթ ծիծաղը, մտքում ուրախացավ, որ բարձրապատիվ հյուրը այնքան զվարճանում է։

— Երևակայեցեք,— խոսեց դարձյալ կոմսուհու հանաքչին,— այդ սև-սև դեմքերի մեջ ես տեսնում եմ, վերջապես, մի ոչ տգեղ երես։

— Ո՞ւր է, ո՞ւր է։

Հանաքչին կոմսուհու ուշադրությունը դարձրեց Մարիամի վրա, որ այդ վայրկյանին անցնում էր նրանց մոտով միայնակ։ Նա գլուխը հավանորեն շարժեց։ Նույն պահին մոտեցավ նրան Նատալիան։

— Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այդ համակրելի դեմքով օրիորդը,— հարցրեց կոմսուհին։

Անզուսպ նախանձը վայրկենաբար պղտորեց Նատալիայի սիրտը, երբ տեսավ, որ կոմսուհու հավանածը Մարիամն է։ Նա պատասխանեց, թե չէ ճանաչում «այդ աղջկան»։

Մարիամը Ռուբենին էր որոնում։ Նա միայնակ անցավ սեղանատուն, ուր արդեն առանձին-առանձին սեղանների շուրջը նստած ընթրում էր հասարակության մի մասը։ Ռուբենը այստեղ չէր։ Մարիամը ետ դարձավ, և մեծ դահլիճ չհասած, տեսավ բժշկին, որ երկու երիտասարդ օրիորդների