հետ-տաք-տաք խոսում էր։ Այդ երկուսից մեկը քաղաքի մի հարուստ ընտանիքի զավակ էր, հռչակված յուր խոշոր օժիտով։
Մարիամը չկարողացավ զսպել իրան, նրա արյունը սառավ երակներում, աչքերը պղտորվեցին։
«Ի՞նչ շուտ կարողացավ ծանոթանալ դրանց հետ», ասաց նա մտքում։ Բժշկի դեմքը արտահայտում էր խորին բավականություն, նա շատ ուրախ էր երևում։ Հոգով ցանկանում էր Մարիամը հեռանալ այդ չարագուշակ երեկույթից, ուր հետզհետե ավելանում էր նրա տանջանքը։ Բայց ի՞նչ անհաղթելի ուժ էր այն, որ դարձյալ մղում էր նրան դեպի այդ մարդը և որ տակավին ստիպում էր նրան հետամուտ լինել մի չքացող բախտի։ Կատաղի խանդը կրծում էր նրա սիրտը։ Նա չկարողացավ ոչ առաջ գնալ, ոչ ետ դառնալ։ Նա մնաց տեղն ու տեղը, աչքերը դարձրած դեպի այն կողմը, ուսկից լսվում էր բժշկի բարձրաձայն ծիծաղը։ Օրիորդները անցան դահլիճ։ Բժիշկը, մեջքից թեքված, հետևեց նրանց զվարճախոսելով, ծիծաղելով և աջ ու ձախ արտասանելով «վինովատ», «պարդոն», «ներողություն», ում ինչ լեզվով հարկավոր էր։
Մարիամը կանգնած էր միևնույն տեղում, մեջքը հենած սանդուղքի վանդակապատին։
— Ի՞նչ է պատահել քեզ,— լսեց նա եղբոր ձայնը,— դու հոգնե՞լ ես արդեն։
— Այո, հոգնել եմ, գնանք, գնանք այստեղից։
— Ոչ, շատ վաղ է դեռ։ Կես ժամ է քեզ պտրում եմ, չեմ գտնում։ Գնանք դահլիճ, ես ուզում եմ քեզ ծանոթացնել իմ ուսանողական ընկերների հետ։
— Ոչ ոքի հետ չեմ ուզում ծանոթանալ։ Մի տեղ նստենք, քիչ հանգստանանք, գլուխս պտտում է։
— Ուրեմն չե՞ս պարելու։
— Ոչ:
Ռուբենը նրան ուղեկցեց ասիական ձևով կահավորված դահլիճը, ուր փափուկ գահավորակների վրա նստած էին խումբ֊խումբ հանդիսականներ։
— Ախ, Մարո, եթե իմանայիր ինչպես էի վիճում մի կես