Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բժիշկը դարձյալ նայեց աջ ու ձախ։ Չնայելով, որ Մարիամը խոսում էր ցածր ձայնով, գրեթե շշնջյունով, բժիշկը այնուամենայնիվ կարծում էր, որ կարող են լսել նրա ասածը։ Օրիորդի արտաքին կեղծ սառնությունը նրան չէր խաբում։ Նա զգում էր նրա ներքին բուռն հոգեկան խռովությունը, զգում էր և վախենում մի գուցե խոսակցությունը շարունակելով, առիթ տա մի անախորժ տեսարանի։

— Մարո,— հաղորդեց նա մեղմ և փաղաքշական ձայնով,— թո՛ղ, հետո կխոսենք այդ մասին։ Ես պատրաստ եմ քեզ բացատրություն տալ, բայց ոչ այստեղ։ Նայի՛ր,— ավելացրեց նա, ցույց տալով դեպի մեծ դահլիճը, որի դռների մոտ երևում էին մի խումբ հանդիսականներ։

Մարիամը հեգնաբար ժպտաց։

— Ինչի՞ցն եք վախենում,— շարունակեց նա համառությամբ,— որ ես աղմո՞ւկ կբարձրացնեմ այստեղ, որ ես կարտասվե՞մ, որ ես ձեր անունը խոսակցության և բամբասանքի առարկա՞ կդարձնեմ։ Չե՞ք ճանաչում ինձ, մոռացե՞լ եք… Ոչ, պատվելի բժիշկ, ես այդ չեմ անիլ, ես ինձ թույլ չեմ տալ մի երիտասարդ բժշկի, հա՛, հա՛, հա՛, պատիվը արատավորել։ Բայց ես պետք է ձեզանից հաշիվ ստանամ ձեր վարմունքի մասին, հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ, դուք կարծում էիք, որ գործ եք ունեցել մի խեղճ, մի ողորմելի, մի անլեզու աղջկա հետ, որ կարող է երեկվա ձեր վարմունքը այսօր մոռանա՞լ։ Հասկացեք, ուրեմն, ձեր առաջ նստած է մի չափահաս կին, որ ինքը կարող է յուր պատիվը պաշտպանել։ Տեսնո՞ւմ եք, այսօր, այս հասարակական տեղում, ես ամեն ինչ արհամարհելով, պահանջում եմ ձեզանից այն, ինչ որ իրավունք ունեմ պահանջելու։ Տվե՛ք ինձ պատասխան, ասացե՞ք, ի՞նչ իրավունք ունեիք կարծելու, որ ես փողով ինձ համար փեսացու առնողներից եմ։ Լռեցե՛ք… Թույլ տվեք խոսքս վերջացնեմ, խոմ ձեր հոգին այժմ ինձ համար պարզ է, խոմ դուք մի ծախու ապրանք եք… հը՞մ, դուր չէ՞ գալի՛ս ձեզ իմ ասածը։ Միթե ճի՞շտ չէ, միթե դուք ձեր անունը, ձեր երիտասարդությունը, ձեր կրթությունը, ձեր գաղափարները, ձեր պատիվն անգամ կշեռքի մի թաթի վրա չեք դրել, մյուս թաթի վրա ոսկի՜-ոսկի՜ եք կանչում. Չէ՞, այսպես չէ՞: