հասավ մի շշնջման ձայն։ Նայեց դեպի սենյակի կիսալուսավոր անկյունը և մնաց տեղն ու տեղը անշարժ։ Նա չէր սխալվում. դա Մարիամն էր, նստած գահավորակի վրա։ Իսկ մյո՞ւսը, բժիշկ Մելիք֊Բարսեղյանն էր։ Յուր եղբոր հետ հանդիպելով բժշկին այդ սենյակում, օրիորդը խնդրեց Ռուբենին թողնել իրանց մի քանի րոպե առանձին։ Նա վճռեց անել վերջին քայլը. նա կամեցավ բացատրություն պահանջել Մելիք-Բարտեղյանից։ Եվ ահա նրանք նստած էին դեմուդեմ...
Մի վայրկյան նրանք լուռ նայեցին միմյանց երեսին։ Մարիամի աչքերի մեջ փայլում էր մի հուսահատ վճռականություն։ Բժիշկը գուշակեց նրա միտքը։ Նա զգաց, որ արդեն հասել է բարոյական ճգնաժամը, որ դեմուդեմ նստած է մի անողոք դատավոր, որին պարտավոր է հաշիվ տալ յուր վարվողության մասին։ Նա շփոթվեց, նայեց աջ ու ձախ. ոչ ոք չէր երևում, բոլոր հանդիսականները կից դահլիճներումն էին։
— Բժիշկ,— ընդհատեց Մարիամը վայրկենական անախորժ լոությունը մի այնպիսի ձայնով, որի մեջ հազիվ զգացվում էր նրա հոգեկան խռովությունը,— այսօր ես վճռեցի ձեզ հետ խոսել վերջին անգամ։ Հուսով եմ, որ չեք մերժիլ մի քանի րոպե ինձ նվիրել, մի քանի րոպե միայն, այնուհետև դուք ազատ եք։ Կարո՞ղ եք լսել։
— Այստե՞ղ,— պատասխանեց բժիշկը, շվարված աջ ու ձախ նայելով,— այս հասարակական տեղո՞ւմ, Մարո, մեր խոսակցությունը, եթե գաղտնիք է, կարող են լսել։
— Մի վախենաք, ոչ ոք չի լսիլ: Ես այստեղ ընտրեցի մեր բացատրության համար այն պատճառով, որ մենք այսուհետև ուրիշ ոչ մի տեղ չենք կարող տեսնվել... Երբե՛ք։ Միամիտ կացեք, մի կարծեք, որ ես ձեզ կանպատվեմ։ Ոչ, գիտեմ, որ դուք վախենում եք հասարակությունից։
— Լսեցեք, ես ամեն բան զգում եմ, ավելորդ կլինի, եթե դուք սկսեք պարզել դեպի ինձ ձեր զգացմունքները։ Դուք ինձ չեք սիրում, ես գիտեմ ա՛յդ, գիտեմ այն էլ, որ երբեք, երբեք չեք սիրել ինձ: Բայց... ասացեք... ի՞նչ էր նշանակում ձեր այդ դառն կատակը ինձ հետ։ Պատասխանեցեք, ինչո՞ւ համար դուք այդպես վարվեցիք, ինչո՞ւ...